ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ցորենի արտադրության խթանման հնարավորությունները | armenpress.am

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ցորենի արտադրության խթանման հնարավորությունները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ցորենի արժեշղթայի ուսումնասիրության արդյունքները և ցորենի արտադրության խթանման հնարավորությունները:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մանրամասներ է ներկայացրել ցորենի արտադրության և ներմուծման ծավալների, ինքնաբավության մակարդակի, ցորենի բերքատվության ցուցանիշների վերլուծության վերաբերյալ, անդրադարձել արտադրության հիմնական խնդիրներին, ցորենի որակի և պահեստավորման գնահատմանը: Վերլուծության արդյունքների և արձանագրված խնդիրների ներկայացումից հետո Էկոնոմիկայի նախարարը հանդես է եկել բարձրացված հարցերի լուծմանն ուղղված առաջարկություններով:

Քննարկման ընթացքում կարևորվել է ցորենի արժեշղթայի կատարելագործմանն ուղղված գործուն մեխանիզմների ներդրումն ու ոլորտում առկա զարգացումներին և նորագույն միտումներին համապատասխան քայլերի ձեռնարկումը: Ընդգծվել է նաև ցորենի ինտենսիվ մշակության ռազմավարության ընդունման անհրաժեշտությունը:

Շեշտելով ցորենի արտադրության խթանման կարևորությունը՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ և ներկայացնել քննարկման:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն