factor.am «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, ԲՀԿ ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածի հատկանիշներով։
«Քրեական վարույթի շրջանակում Ա.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար»,- Factor TV-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք՝ հունիսի 12-ին Քննչական կոմիտեն քաղաքական գործչի բնակարանում խուզարկություն էր իրականացրել, ինչից հետո Մանուկյանը հրավիրվել էր ՔԿ, սակայն որևէ մեղադրանք չէր ներկայացվել։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ քննչական գործողությունները կատարվել էին պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով քրեական վարույթի շրջանակներում, որն առնչվում է ԲԿՀ ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանին։