civilnet.am Բաքվում պահվող Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը բանտից ուղերձ է հղել՝ անդրադառնալով իր գործով վերաքննիչ դատավարությանը։ Ձայնագրությունը հրապարակվել է Արցախի Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջում։
Իշխանյանը հայտարարել է, որ Ադրբեջանի վերաքննիչ դատարանում ընթացող դատավարությունը ձևական բնույթ է կրում, սակայն իրենք բողոքարկել են առաջին ատյանի վճիռը, քանի որ «միջազգային դատարան տանող ճանապարհը հենց դա է»։
«Սա քաղաքական պատվերով և քաղաքական դատավարություն է, այս դատավարությունը որևէ կապ չունի քրեական հանցագործությունների հետ, սա էթնիկ պատկանելիության և ազգային ատելության հողի վրա դատավարություն է։ Առաջին ատյանի դատարանը Ադրբեջանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներ է թույլ տվել, մարդու և միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներ է թույլ տվել»,- ասել է նա։
Իշխանյանը նշել է, որ դատավճիռը կայացվել է «առանց ապացույցների, առանց կոնկրետ փաստերի», իսկ մեղադրանքները, իր խոսքով, «կարված գործ չեն, այլ կարկատան»։
Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահը նաև հայտնել է, որ պաշտպանները մինչ այժմ չեն ստացել մեղադրական ակտը, մեղադրական եզրակացությունը և դատավճռի պատճենը, այլ միայն հնարավորություն ունեն դատարանում ծանոթանալու դրա էլեկտրոնային տարբերակին։
Ձայնագրության վերջում նա նշել է, որ իրենք շարունակում են իրավական պայքարը և կոչ արել բոլորին «պինդ լինել»։
2023-ի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի հատուկ ծառայությունները գերեվարել և առևանգել են Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին:
Ներկայում Բաքվի բանտերում պաշտոնական տվյալներով պահվում է 19 հայ բանտարկյալ, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները, որոնք դատապարտվել են 15-20 տարվա կամ ցմահ ազատազրկման։