Էկոնոմիկայի փոխնախարարը «Արարատցեմենտ»-ում քննարկումներ կանցկացնի գործարանի աշխատանքի շարունակականությունն ապահովելու հարցով | armenpress.am

Էկոնոմիկայի փոխնախարարը «Արարատցեմենտ»-ում քննարկումներ կանցկացնի գործարանի աշխատանքի շարունակականությունն ապահովելու հարցով | armenpress.am

 armenpress.am Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այցելել է «Արարատցեմենտ» գործարան՝ տնօրինության հետ քննարկելու գործարանի աշխատանքի շարունակականությունն ապահովելու հարցը։

Փոխնախարարը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ քննարկումների նպատակն է հասկանալ՝ ինչպես կարելի է կազմակերպել գործընթացը, որպեսզի իրավական ընթացակարգերը չխոչընդոտեն արտադրությանը։

«Հիմա մենք եկել ենք՝ հասկանանք, կարող ենք այնպես անել, որ իրավական պրոցեսները չխանգարեն արտադրությանը։ Կարծում եմ՝ կկարողանանք այնպիսի կոնֆիգուրացիա ստեղծել, որ իրավական պրոցեսները որևէ ազդեցություն  չունենան արտադրության շարունակականության վրա»,- ասաց Զաքարյանը։

Փոխնախարարի խոսքով՝ հարցի շուրջ քննարկումներ են եղել ինչպես գործարանի տնօրենի, այնպես էլ իրավապահ մարմինների հետ։

«Երեկվանից քննարկում ենք ունեցել տնօրենի հետ, և ես անձամբ քննարկում եմ ունեցել իրավապահ մարմինների հետ։ Հիմա կփորձենք այնպես անել, որ աշխատանքն իրականացվի։ Մեզ համար Արարատի ցեմենտի գործարանը ռազմավարական կարևոր օբյեկտ է, և այնպես ենք անելու, որ նրա աշխատանքները չխաթարվեն»,- նշեց նա։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Արարատցեմենտ» ընկերությունը մոտ ապագայում լինելու է պետական։ Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը նշել էր, որ ընկերությունում կառավարիչ կնշանակվի սահմանված ընթացակարգով։

«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները վաղ առավոտից ակցիա են իրականացնում՝ բողոքելով իրավապահ մարմինների գործողությունների հետևանքով գործարանի աշխատանքի ժամանակավոր դադարեցման դեմ։

«Արարատցեմենտ»-ը պատկանում է գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, որն այս պահին կալանավորված է խարդախության և փողերի լվացման մեղադրանքներով։

Հուլիսի 6-ին իրավապահ մարմինները քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ էին իրականացրել Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող շուրջ 70 այլ հասցեներում։ Քրեական վարույթի շրջանակում Ծառուկյանին պատկանող մի շարք ձեռնարկությունների, այդ թվում՝ «Արարատցեմենտ»-ի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություններ էր տարածել՝ հայտնելով «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման, ինչպես նաև ընկերությանը պատկանող հողամասերի և առողջարանի ձեռքբերման գործընթացներում հայտնաբերված խախտումների մասին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն