Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը | armenpress.am

Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը | armenpress.am

 armenpress.am Ներքին գործերի նախարարությունը հերքում է տարածված լուրերը, թե գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսներին կենդանաբանական այգի տեղափոխելու ընթացքում տուժել է ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակից։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվել, թե կոկորդիլոսներին կենդանաբանական այգի տեղափոխելու ընթացքում կոկորդիլոսներից մեկը հոշոտել է ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակցի ոտքը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՆԳՆ-ից վստահեցրին, որ այդ գործընթացում ՆԳՆ փրկարար ծառայության որևէ աշխատակից չի տուժել։

Երևանի քաղաքապետարանից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ կոկորդիլոսների տեղափոխման ժամանակ դրանցից մեկը շարժվել է և կպել է Երևանի քաղաքապետարանի աշխատակցի հոնքին։ Աշխատակցին տեղափոխել են հիվանդանոց, թեթև քերծվածք է ունեցել, նա ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել հիվանդանոցից։ «Հոշոտել, ուտել, կծել…իրականությանը չի համապատասխանում»,- նշեցին Երևանի քաղաքապետարանից։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն էլ «Արմենպրես»-ին հայտնեց, որ Քննչական կոմիտեն առգրավել և Երևանի կենդանաբանական այգուն ի պահ է տվել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող 9 կոկորդիլոսի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն առգրավել և Կենդանաբանական այգուն ի պահ էր հանձնել 3 առյուծ և 4 վագր, առյուծներից մեկը քնեցումից հետո չէր արթնացել ու անկել էր։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն