ԹՐԻՓՓ նախագիծը բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան | armenpress.am

ԹՐԻՓՓ նախագիծը բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան | armenpress.am

armenpress.am Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԹՐԻՓՓ  նախագծի իրականացումը էապես կընդլայնի Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերը և կնպաստի Պարսից ծոց-Սև ծով երկաթուղային կապի ձևավորմանը։

Հուլիսի 9-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը, անդրադառնալով ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի՝ նախօրեին արած հայտարարությանը, թե Իրանը մտահոգություններ ունի ԹՐԻՓՓ նախագծի հետ կապված, նշել է որ ԹՐԻՓՓ նախագծի իրականացումը բխում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության շահերից։

««ԹՐԻՓՓ նախագծի իրականացմամբ մենք կբացենք Պարսից ծոցից դեպի Սև ծով երկաթուղային կապը, ինչի արդյունքում Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հնարավորությունները էականորեն կընդլայնվեն։ Էականորեն կընդլայնվեն նաև Իրանի Իսլամական Հանրապետության առևտրատնտեսական հնարավորությունները։ ԹՐԻՓՓ  նախագծի իրականացումն անկեղծորեն և ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ Հայաստանը պատրաստ է այդ թեմայով Իրանի հետ բաց և թափանցիկ քննարկումների։

«Մենք թափանցիկ ենք և պատրաստ ենք պատասխանել ցանկացած հարցի։ Պետք է հստակ ձևակերպվի, թե մտահոգությունն ինչի՞ մասին է։ Համոզված ենք, որ բոլոր մտահոգությունները հնարավոր կլինի փարատել»,- ընդգծել է նա։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանը շարունակելու է աշխատել ԹՐԻՓՓ նախագծի շուրջ բոլոր շահագրգիռ գործընկերների հետ։

«Մենք շարունակելու ենք աշխատել Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Եվրոպական միության, Կենտրոնական Ասիայի երկրների և Չինաստանի հետ, որովհետև սա գլոբալ նախագիծ է, և մենք ցանկանում ենք հնարավորինս արագ սկսել դրա իրականացումը։ Հույս ունեմ, որ արդեն այս տարվա աշնանը գետնի վրա կմեկնարկեն առաջին աշխատանքները»,- հավելել է Փաշինյանը։

Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հուլիսի 8-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Իրանի շատ լեգիտիմ անհանգստությունն իր սահմանների հարևանությամբ ԱՄՆ-ի անմիջական ներկայության վերաբերյալ միանգամայն տրամաբանված է, հետևաբար պետք է լինի հստակ արձագանք այդ անհանգստությանը։ Նա նաև հավելել էր, որ Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, որ այդ նախագծի իրականացման հետևանքով ԱՄՆ-ի ներկայությամբ պայմանավորված որևէ սպառնալիք կամ մարտահրավեր Իրանի համար չի ստեղծվի։

«Պետք է ստեղծենք այնպիսի մեխանիզմ, որի միջոցով Հայաստանը կարողանա իրականացնել ապաշրջափակման իր ամբողջ ներուժը, սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ է, որպեսզի հստակ կերպով արձագանք տրվի ԱՄՆ-ի ներկայությամբ պայմանավորված հնարավոր ռիսկերի կամ սպառնալիքների վերաբերյալ հնչող անհանգստություններին։ Հայ-իրանական օրակարգում պետք է ներառվեն ԹՐԻՓՓ նախագծից բխող ռիսկերի կառավարումն ու հնարավոր մարտահրավերների վերացումը»,- ասել էր դեսպանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն