azatutyun.am Եվրոպայի խորհրդի փողերի լվացման դեմ պայքարի մարմնի՝ MONEYVAL-ի գնահատմամբ՝ չնայած ապօրինի ակտիվների վերականգնմանն ուղղված զգալի ջանքերին, Հայաստանը դա քաղաքական նպատակ չի դարձրել: Կառույցը նման եզրահանգման եկել է՝ ուսումնասիրելով հանցավոր եկամուտների բռնագանձման ոլորտում Հայաստանի ձեռք բերած արդյունքները: Զեկույցի հեղինակներն անցած հոկտեմբերին են իրականացրել ուսումնասիրությունը Հայաստանում:
«Թեև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համակարգի ներդրումն ուժեղացրել է երկրի՝ ապօրինի ակտիվները բռնագանձելու կարողությունը, MONEYVAL-ը կոչ է անում վերանայել բռնագանձման համակարգի բոլոր փուլերը, ինչպես նաև ընդլայնել հանցավոր եկամուտների հայտնաբերման, կալանադրման և բռնագանձման համար անհրաժեշտ փորձն ու ռեսուրսները», – նշված է զեկույցում:
Եվրոպայի խորհուրդը Հայաստանի իշխանություններին կոչ է անում ավելի խորը վերլուծության ենթարկել արտաքին սպառնալիքները, ահաբեկչության ֆինանսավորումը և վիրտուալ ակտիվների հետ կապված ռիսկերը։ Համարում են, որ հետագա բարելափոխումներ են անհրաժեշտ անշարժ գույքի ոլորտում ռիսկերի գնահատման, ինչպես նաև օպերատիվ համագործակցության մեխանիզմների հարցում։ Միաժամանակ գովեստի արժանի են համարում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի ընկալման ուժեղացմանն ուղղված ջանքերը, իսկ այդ ռիսկերի հասցեագրմանն ուղղված ազգային քաղաքականությունն ու ռազմավարությունները «բավարար» են որակել:
Գնահատումից հետո Հայաստանը ստացել է գործողությունների ճանապարհային քարտեզ, որը պետք է կատարի երեք տարվա ընթացքում։ Իշխանությունները պարտավոր են զեկուցել MONEYVAL-ին արձանագրած առաջընթացի մասին։