Ծառուկյանի առյուծի անկման փաստով քրեական գործ չի հարուցվի | azatutyun.am

Ծառուկյանի առյուծի անկման փաստով քրեական գործ չի հարուցվի | azatutyun.am

azatutyun.am ԲՀԿ առաջնորդի մասնավոր տարածքից տեղափոխված գիշատիչներն են Երևանի կենդանաբանական այգու կարանտինային վանդակներում։ Առինջում քնեցված երեք առյուծներից ու չորս վագրերից մայր առյուծը այդպես էլ չարթնացավ։

Այգու գիտական գծով փոխտնօրենն է հիմնավորում առյուծի անկումը՝ ծեր էր, բորբոքված թոքերով ու լյարդով, ճարպակալած։ Ենթադրում են՝ անկման պատճառը սուր սիրտ-թոքային անբավարարությունն է։ Որ գիշատիչներից երեքը ծեր են ու նրանց անզգայացնելը ռիսկային է, դեռ երեկ այգու փոխտնօրենը մեզ հետ զրույցում էր խոստովանել։ Ու երեկվանից անպատասխան է հարցը՝ իսկ ինչո՞ւ քնեցվեցին գազանները, ո՞րն էր հրատապությունը։

«Մենք նկարներում տեսնում ենք՝ պոչից են քաշում, այսինքն՝ անպաշտպան, արագ արդյունք ապահովելու մասին է խոսքը գնում։ Ես չեմ հիշում պատմության մեջ, որ մենք արդյոք ունե՞նք այսպիսի փորձ, ևս մեկ անգամ եղե՞լ է նման ծավալի խոշոր կենդանիների հետ կապված այսպիսի գործընթաց», – ասաց Կենդանաբանական այգու կառավարման խորհրդի անդամներից Քրիստինա Վարդանյանը։

Վարդանյանը այգի էր եկել հարցադրումներով, գուցե այդ հապշտապ ու ողբերգական տեղափոխության փոխարեն տնային կալանք սահմանեին կենդանիների համար։ Քաղաքապետին էլ մի նամակ է գրել ծառայողական քննություն անցկացնելու պահանջով։ Անզգայացումն ինչպե՞ս է իրականացվել, ի՞նչ դեղաչափերով։

«Փնթիություն ու պատասխանատվության բացակայություն». եղածն այսպես է բնորոշում անասնաբույժ Գեորգի Ավետիսյանը։ Նա նախկինում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն էր ղեկավարում. «Համոզված եմ, որ երեք կենդանուն էլ նույն դեղաչափով, նույն մոտեցմամբ են քնացրել»։

Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Ծառուկյանի կենդանիներն իրեղեն ապացույցներ են դարձել ապօրինի որսի դեպքի առթիվ քրեական վարույթի շրջանակներում։ Թե ինչպե՞ս է Ծառուկյանն աֆրիկյան առյուծներ, պենգալյան վագրեր ու նեղոսյան կոկորդիլոսներ որսացել, կոմիտեից չեն մանրամասնում։ Նաև այն, թե երբ է հարուցվել այդ գործը։

Ծառուկյանի փաստաբանների տեղեկացմամբ՝ ապօրինի որսի գործը վեց տարվա վաղեմության է, ու Կոտայքի մարզային քննչականը թարմացրել է ճիշտ այն օրը, երբ իրավապահները խուզարկության էին մտել Ծառուկյանի առանձնատուն։ Վստահ են, որ առյուծներին ու վագրերին քնած քարշ տալու տեսարանը անհրաժեշտ էր պատկերը ամբողջացնելու համար։

Կենդանիների իրավունքներով զբաղվողների համար տարակուսելի է այն, որ կենդանիները դարձան քաղաքական գործընթացների զոհ. նոր իմացա՞ն, որ Ծառուկյանը մի ընդարձակ գազանանոց ունի՝ գիշատիչներով, ջրլող ու խոտակեր կենդանիների բազմազան հավաքածու։

Քննչականը բոլոր կենդանիներին տեղափոխելու որոշում ունի, բայց որքան հասկացանք դեռ հայտնի չէ, թե ուր: Կոմիտեից տեղեկացրին, որ Ծառուկյանի կապարակնքված տարածքում կենդանապահ կա ու այնտեղ մնացած կենդանիները սոված ու անջուր չեն։

Մասնագիտական մի հանձնաժողով է ստեղծվել, որ վաղը կայցելի առանձնատան տարածք, հասկանալու՝ ինչ անել այս գազաններին, որ ակամա իրեղեն ապացույցներ են դարձել։

Ծառուկյանի փաստաբաններից Էմին Խաչատրյանն է պաշտպանյալին տեղեկացրել, որ իր գրկում մեծացած կորյուններից մեկը անվերադարձ քնել է։ Կարծում են առյուծի անկման փաստով պիտի քրեական գործ հարուցվի: Քրեական նոր գործ չի հարուցվի, տեղեկացանք Քննչական կոմիտեից, գիշատչի անկման հանգամանքները կքննվեն ապօրինի որսի վարույթում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն