«Արարատցեմենտ» գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը | civilnet.am

«Արարատցեմենտ» գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը

«Արարատցեմենտ» գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Ըստ հաղորդագրության՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այսօր այցելել է գործարան, տեղում ծանոթացել արտադրական գործընթացի կազմակերպմանը և շրջայց կատարել գլխավոր տնօրենի ուղեկցությամբ։

Անդրադառնալով աշխատանքի վերականգնմանը՝ նախարարի տեղակալը նշել է, որ արտադրական գործընթացի անխափան և շարունակական ապահովումը կարևոր է ինչպես արդյունաբերական ներուժի պահպանման, այնպես էլ տնտեսական ակտիվության խթանման տեսանկյունից։

Գործարանի վերագործարկման մասին խոսվեց երեկ՝ հուլիսի 9-ին, երբ աշխատակիցները հավաքվել էին գործարանի դիմաց՝ պահանջելով պարզաբանել, թե ինչու է արտադրությունը դադարեցվել։

Կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը չորս օր չէր աշխատում։ Գործարանը դադարեցրել էր աշխատանքը հուլիսի 6-ին, երբ իրավապահները խուզարկություններ են իրականացրել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին պատկանող մի շարք ընկերություններում։ 

Հուլիսի 6-ին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց երկու ամսով։ Քննչական կոմիտեն հայտարարում է, որ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կազմակերպելու համար։ Նրա փաստաբանը, իր հերթին, պնդում է, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի, իսկ Ծառուկյանը պետք է ճանաչվեր տուժող, ոչ թե մեղադրյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն