Ադրբեջանում իրավապաշտպան Նարգիզ Մուխթարովային 7,5 տարվա պայմանական ազատազրկման են դատապարտել | azatutyun.am

Ադրբեջանում իրավապաշտպան Նարգիզ Մուխթարովային 7,5 տարվա պայմանական ազատազրկման են դատապարտել | azatutyun.am

azatutyun.am Բաքվի դատարանը իրավապաշտպան Նարգիզ Մուխթարովային դատապարտել է յոթուկես տարվա պայմանական ազատազրկման՝ երեք տարվա փորձաշրջանով՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի փողերի լվացման մեղադրանքով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։

Քննիչների պնդմամբ՝ նա այլ անձանց հետ դավադրության է մասնակցել՝ դոնոր կազմակերպություններից ստանալով 150,000 մանաթ (ավելի քան 88,000 դոլար)։ Մուխթարովան մեղադրանքը շինծու է որակում, պնդում է, թե իրավապահներին է ներկայացրել բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ միջազգային բանկի քաղվածքները։

«Հաշիվը պաշտոնապես բացվել է իմ անունով, ես համագործակցել եմ ամերիկյան կազմակերպության հետ, որը ֆինանսավորվել է Պետդեպարտամենտի կողմից։ Փողերի լվացման մասին խոսք լինել չի կարող»,- հայտարարել է ադրբեջանցի իրավապաշտպանը։

Մինչ այդ՝ անցած տարի, դատարանը 9 տարվա ազատազրկման էր դատապարտել նրա ամուսնուն՝ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Ֆարիդ Մեհրալիզադեին՝ մաքսանենգության, հարկերից խուսափելու և փողերի լվացման մեղադրանքով։

Իրավապաշտպանները պնդում են, որ երկուսն էլ մեղավոր են ճանաչվել իրենց մասնագիտական գործունեության ու իշխանություններին քննադատելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն