Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ | shantnews.am

Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Խորհրդակցությունները հայկական կողմից գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իսկ իսպանական կողմից՝ Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական միության և համագործակցության նախարարության արտաքին և գլոբալ հարցերով պետքարտուղար Դիեգո Մարտինես Բելիոն:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Իսպանիայի միջև ձևավորված քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։

Քննարկվել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով առևտրատնտեսական համագործակցության, ներդրումների խթանման, բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության ոլորտների զարգացման հեռանկարներին։ Կարևորվել է երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացումը և բարձր մակարդակի փոխայցելությունների շարունակականությունը։

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ Ընդգծվել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության շարունակական խորացման կարևորությունը։

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հարավային Կովկասում տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում արձանագրված դրական դինամիկային, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածությանը միտված նախաձեռնություններին։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև միջազգային օրակարգի այլ կարևոր հարցերի»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն