ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Վարդավառը բնության գրկում նշող քաղաքացիներին կոչ է անում պահպանել բնապահպանական կանոնները՝ չաղտոտել շրջակա միջավայրը, խարույկ վառել միայն թույլատրելի վայրերում, չայրել չոր խոտը և զգոն լինել հրդեհների կանխարգելման հարցում։
«Հարգելի քաղաքացիներ, եթե Վարդավառը նշելու եք բնության գրկում, եկեք տոնը դարձնենք նաև հոգատարության օր մեր բնության նկատմամբ։
Խնդրում ենք պահպանել մի քանի պարզ, բայց կարևոր կանոն.
Մի՛ թողեք աղբը բնության մեջ։ Հավաքեք այն և տեղափոխեք նախատեսված աղբամաններ կամ ձեզ հետ տարեք բնակավայր։
Խարույկ վառեք միայն թույլատրելի և անվտանգ վայրերում։ Հեռանալիս համոզվեք, որ այն ամբողջությամբ մարված է։
Մի՛ նետեք չմարված ծխախոտի մնացորդներ, լուցկի, ապակու կտորներ կամ այլ այրվող առարկաներ։
Մի՛ այրեք չոր խոտ, կենցաղային կամ այլ տեսակի թափոններ։ Ամառային բարձր ջերմաստիճանի պայմաններում նույնիսկ փոքր անզգուշությունը կարող է հանգեցնել խոշոր հրդեհի։
Հարգանքով վերաբերվեք բնությանը․ մի՛ վնասեք ծառերն ու բուսականությունը, մի՛ անհանգստացրեք վայրի կենդանիներին։
Թող Վարդավառի ուրախությունն ուղեկցվի նաև բնության հանդեպ պատասխանատվությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։