azatutyun.am ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանին՝ իրանական ուժերի կողմից բեռնանավի թիրախավորումից հետո։ Թեհրանն, իր հերթին, հայտարարել է, որ դարձյալ փակել է Հորմուզի նեղուցը, իսկ Ծոցի որոշ երկրներ ենթարկվել են հարձակման, գրում է Reuters-ը։
Ըստ ամերիկյան կողմի՝ Թեհրանի թիրախում հայտնված նավը Կիպրոսի դրոշի ներքո էր նավարկում։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության փոխանցմամբ՝ նավը լրջորեն վնասվել է, իսկ անձնակազմի անդամներից մեկի գտնվելու վայրն անհայտ է։ Միացյալ Թագավորության ծովային առևտրի գործակալության տվյալով՝ բեռնանավի անձնակազմը թողել է նավը և փրկանավակի վրա է գտնվում։
Թեհրանից պարզաբանել են, որ բեռնանավին հասցված նախազգուշական կրակոցից հետո են փակել նեղուցը, քանի որ նավը չհաստատված երթուղով էր ընթանում։
Համաշխարհային մատակարարումների համար առանցքային ջրային ուղին փակ կմնա «մինչև տարածաշրջանում ամերիկյան միջամտության ավարտը», ընդգծել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից (ԻՀՊԿ)՝ հավելելով, որ ամերիկյան նոր ռազմական գործողությունների դեպքում կշարունակեն թիրախավորել տարածաշրջանի «թշնամական ռազմաբազաները»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Մարտի 9-ին Իրանի Փորձագետների խորհուրդը երկրի նոր Գերագույն հոգևոր առաջնորդ է ընտրել Մոջթաբա Խամենեիին՝ Այաթոլլահ Ալի Խամենեիի որդուն։
Մարտին իրանական կողմը հայտարարել է Հորմուզի նեղուցը փակելու մասին: Նավթի տեղափոխման խոշորագույն ճանապարհի արգելափակումը հանգեցրել է վառելիքի համաշխարհային գնի բարձրացմանը։
Ապրիլի 7-ին ԱՄՆ-ն հայտարարել է հաջորդ օրվանից հրադադար սկսելու մասին։ Օրեր անց՝ ապրիլի 11-ին, Իսլամաբադում տեղի են ունեցել խաղաղության շուրջ բանակցություններ Իրանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։
Միայն հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարեցին խաղաղության շրջանակային համաձայնագրի շուրջ համաձայնության գալու մասին: Բանակցություններն ընթանում են 12 առանցքային կետերի շուրջ։ Դրանց թվում են․
Պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում (ներառյալ Լիբանանում):
Ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգում:
Վերջնական գործարքի կնքում առավելագույնը 60 օրում (երկարաձգման հնարավորությամբ):
ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների ռազմածովային շրջափակման վերացում:
Իրանի կողմից Հումուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցման ապահովում։
ԱՄՆ-ը և տարածաշրջանային գործընկերների կողմից առնվազն 300 միլիարդ դոլար արժողությամբ «վերջնական, փոխադարձաբար համաձայնեցված պլանի» մշակում՝ Իրանի վերականգնման և տնտեսական զարգացման համար»։
Պատժամիջոցների վերացում։
Իրանը կողմից համաձայնություն չարտադրել կամ ձեռք չբերել միջուկային զենք։