armenpress.am Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններն ամբողջությամբ կարգավորվել են։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Շուշիի IV գլոբալ մեդիաֆորումում ելույթ ունենալով՝ Ալիևը նշել է, որ Բաքուն մեծ կարևորություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին և ուշադրությամբ հետևում է նաև ռուսական պաշտոնական շրջանակների հայտարարություններին։
«Մենք տեսել ենք Ռուսաստանի պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, ըստ որոնց՝ մեր երկրների միջև հարաբերությունները զարգանում են դրական դինամիկայով»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևն ընդունել է, որ հարաբերություններում եղել են որոշ դժվարություններ, սակայն, նրա խոսքով, այդ փուլն արդեն անցյալում է։
«Կասեի, որ հարաբերություններն ամբողջությամբ կարգավորվել են»,- հայտարարել է նա։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ տարբեր մակարդակներում շփումները շարունակվում են։ Նա նկատել է՝ ակտիվ համագործակցություն է իրականացվում կառավարությունների, միջկառավարական հանձնաժողովի համանախագահների, արտաքին գործերի նախարարությունների և երկու երկրների նախագահների աշխատակազմերի միջև։
Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն երկկողմ համագործակցության, այլև ավելի լայն տարածաշրջանի համար։ Նրա խոսքով՝ համագործակցությունն ընդգրկում է ինչպես ավանդական, այնպես էլ ապագայում ձևավորվելիք նոր ուղղություններ, որոնց թվում առանձնահատուկ նշանակություն ունեն տրանսպորտի, առևտրի և հումանիտար համագործակցության ոլորտները։