arm.sputniknews.ru «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող մի շարք ընկերությունների աշխատակիցներ միաժամանակյա ակցիաներ են անցկացնում ձեռնարկությունների մոտ՝ նախաքննական մարմնից պահանջելով բացել կապարակնիքները և թույլ տալ իրենց աշխատել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ին այնածավալ խուզարկություններ են իրականացվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ընդհանուր առմամբ 71 հասցեներում։ Այս պահին ավելի քան 20 ընկերություններ կապարակնքված են։
«Մեկ շաբաթ է այս անորոշ վիճակն է, ոչինչ չեն ասում, և մենք չգիտենք դե դա ինչքան կտևի։ Խոսքս ուղղում եմ հանրապետության վարչապետին` խնդրում ենք, պահանջում ենք, հորդորում ենք, թույլ տվեք մարդիկ մտնեն աշխատեն, չէ որ բոլորն ընտանիքներ ունեն։ Մենք ավել ոչինչ ենք ուզում, մեր աշխատանքն ենք ուզում»,– ասաց Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցներից մեկը։
Կնոջ խոսքով` իրենք հորդորում են նախաքննական մարմիններին իրենց աշխատանքները կատարել այնպես, որ ձեռնարկությունների աշխատակիցների համար լինի անցնցում, և արտադրական գործունեությունը չխաթարվի։
Կոմբինատի աշխատակիցները պահանջում են, որպեսզի իրենց հստակ ժամկետներ ասեն, թե երբ են վերադառնալու աշխատանքի։
«Մեր պահանջն այն է, որ աշխատենք, տանը նստելով բան դուրս չի գա։Ունենք վարկեր, պարտքեր, որ պետք է փակենք ։ Գումար չկա, որ տան համար հաց առնենք, յոլա գնանք, ստիպված եկել ենք խնդրենք, որ թույլ տան աշխատենք»,–ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։