Ալիև․ «3+3» ձևաչափը պետք է ներառի ամբողջ տարածաշրջանին վերաբերող հարցերը | azatutyun.am

«3+3» ձևաչափը պետք է ներառի ամբողջ տարածաշրջանին վերաբերող հարցերը․ Ալիև | azatutyun.am

azatutyun.am Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը պետք է լինի լիարժեք, հավասարազոր վեցակողմ համագործակցության հարթակ և չվերածվի հերթական «Մինսկի խմբի», ըստ ադրբեջանական Report-ի, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Շուշիի IV գլոբալ մեդիաֆորումում։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն առաջարկել է այդ ձևաչափը՝ որպես հետպատերազմյան համագործակցության մեխանիզմ, որը միտված է լիարժեք կարգավորման և երկրի ինքնիշխանության վերջնական վերականգնմանը։

Ալիևը նշել է, որ իրադարձությունների զարգացմանը և ինչպես Հարավային Կովկասի երկրների, այնպես էլ արտաքին պետությունների հետ դաշնակցային հարաբերությունների փոփոխությանը զուգահեռ փոխվել է նաև Ադրբեջանի գնահատականը համագործակցության այս ձևաչափի վերաբերյալ։

«Այսօր՝ ներկա փուլում, կարևոր է, որ դա լինի լիարժեք վեցակողմ համագործակցություն։ Քանի դեռ Վրաստանը չի միացել, առնվազն հնգակողմ, սակայն շատ հստակ օրակարգով։ Կարևոր է, որպեսզի այս մեխանիզմը չվերածվի հերթական Մինսկի խմբի, որը կզբաղվի բացառապես ադրբեջանա-հայկական խնդիրներով»,- նշել է Ալիևը՝ ընդգծելով, որ ձևաչափը պետք է ներառի ամբողջ տարածաշրջանին վերաբերող հարցերը՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ՝ «հավասարության սկզբունքով»։

Նրա խոսքով՝ հենց այս հայեցակարգն է Ադրբեջանն այսօր դիտարկում որպես հիմնական։ «Եթե նման մոտեցումն ընդունելի լինի նաև մյուս մայրաքաղաքների համար, ապա, կարծում եմ, առնվազն արտգործնախարարների մակարդակով հնգակողմ հանդիպման անցկացումը պահանջված կլինի»,- հավելել է Ալիևը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն