ՇՄ նախարարությունը և «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» ՀԿ-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր | shantnews.am

ՇՄ նախարարությունը և «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» ՀԿ-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Շրջակա միջավայրի նախարարության և «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է խորացնել համագործակցությունը մասնավոր հատվածի հետ՝ ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) նախապատրաստման և անցկացման շրջանակում։

Հուշագրով նախատեսվում է համատեղ խթանել մասնավոր հատվածի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության, վերականգնման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններում։
Գործընկերության շրջանակում COP17-ի «Կանաչ գոտում» նախատեսվում է կազմակերպել «Բիզնես և կենսաբազմազանություն երկխոսության օր» թեմատիկ միջոցառումը, ինչպես նաև իրականացնել պանելային քննարկումներ, ներգրավել բիզնես համայնքի ներկայացուցիչներին և ընդլայնել համագործակցությունը ոլորտային հարթակների հետ։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը նշել է, որ նախարարությունը մեծապես կարևորում է նման համագործակցությունները՝ ընդգծելով, որ դրանք հնարավորություն են ստեղծում համատեղել բնապահպանական առաջնահերթություններն ու տնտեսական զարգացումը՝ ապահովելով կայուն և երկարաժամկետ արդյունքներ։

«Մեզ համար կարևոր է, որ պետություն–մասնավոր հատված համագործակցությունը կառուցվի բնապահպանական և տնտեսական շահերի հավասարակշռման սկզբունքի վրա։ Համոզված ենք, որ նման գործընկերությունները նպաստում են պատասխանատու բիզնես մշակույթի ձևավորմանը, կենսաբազմազանության պահպանության նպատակների արդյունավետ իրականացմանը և COP17-ի հաջող կազմակերպմանը»,-նշել է նախարարի տեղակալը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն