Սերժ Սարգսյանը և Բարսեղ Բեգլարյանը չեն մասնակցի դատական նիստերին | aravot.am

Սերժ Սարգսյանը և Բարսեղ Բեգլարյանը չեն մասնակցի դատական նիստերին | aravot.am

aravot.am ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նիստը։

Հիշեցնենք, Սերժ Սարգսյանին վերաբերող մի քանի գործերը միավորվել են և կքննվեն մեկ վարույթում։ Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի գործով նաև դատավոր է փոխվել. Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցվել էին, նրան կփոխարինի Սարգիս Դադոյանը։

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդեց, որ հետագա դատական նիստերն ընթանան առանց Սերժ Սարգսյանի մասնակցության։ Քրեական օրենսգիրքը հնարավորություն է տալիս, որ նիստերը տեղի ունենան պաշտպանների մասնակցությամբ։

«Սերժ Սարգսյանը գտնվում է ազատության մեջ, ունի ընտրված պաշտպաններ, չի առարկում, որպեսզի սույն քրեական գործով դատական նիստերը շարունակվեն իր բացակայությամբ, իր իրավունքներն ամբողջ ծավալով կիրականացնեն իր պաշտպանները։ Սույն միջնորդությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ պաշտպանական կողմի դիրքորոշումը սույն գործով ամբողջությամբ ձևավորված է, Սերժ Սարգսյանի շահերը ներկայացվելու են նրա պաշտպանների կողմից, նրա անձնական ներկայությունը յուրաքանչյուր նիստում անհրաժեշտ նախապայման չէ գործի լրիվ, բազմակողմանի քննության համար։

Սերժ Սարգսյանը որևէ կերպ չի հրաժարվում իր դատավարական իրավունքներից, չի խոչընդոտում գործի քննությանը, անհրաժեշտության դեպքում կներկայանա դատարան, եթե դատարանը նրա մասնակցությունը ճանաչի պարտադիր»,- ասաց Ամրամ Մակինյանը։

«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը նույնպես միջնորդեց հետագա նիստերն անցկացնել առանց իր մասնակցության՝ իր փաստաբանի մասնակցությամբ։

Մեղադրող կողմը չառարկեց։ Դատարանը բավարարեց միջնորդությունները։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն