Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով | armenpress.am

Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով | armenpress.am

armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ չի հրաժարվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին աջակցելուց, չնայած որոշ հարցերի շուրջ իրենց միջև առկա  տարաձայնություններին։ Այս մասին նա ասել է հաղորդավար Հյու Հյուիթի հետ հարցազրույցում՝ մեկնաբանելով զանգվածային լրատվամիջոցների այն հաղորդագրությունները, թե նա որոշել է այլևս չաջակցել Նեթանյահուին։

«Ոչ, բնավ ոչ։ Մենք շատ հաշտ ենք, – ասել է ԱՄՆ ղեկավարը։ – Երբեմն ես համաձայն չեմ լինում նրա հետ։ Եվ ես բացահայտորեն ասում եմ այդ մասին։ Եվ ես ճիշտ եմ լինում»:

«Նա պատերազմական ժամանակների վարչապետ է։ Նա լավ է կատարում իր գործը», – ընդգծել է Միացյալ Նահանգների ղեկավարը։

Թրամփի խոսքով՝ եթե ինքը կամ Նեթանյահուն չզբաղեցնեին իրենց պաշտոնները, «Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա» Իրանի գործողությունների պատճառով։

Հուլիսի 5-ին Նեթանյահուն հայտարարել է, որ հրեական պետության իշխանությունների և Վաշինգտոնի վարչակազմի միջև չկան տարաձայնություններ քաղաքականության հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրանի վերաբերյալ։ Հուլիսի 4-ին Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունների առնչությամբ Նեթանյահուն «գիտի, թե ով է գլխավորը»։

Ինչպես ավելի վաղ հայտնել է Axios-ը՝ վկայակոչելով աղբյուրների, ԱՄՆ ղեկավարի շատ խորհրդականներ դժգոհ են Նեթանյահուի գործողություններից: Հրապարակման մեջ ընդգծվել է, որ Սպիտակ տան ղեկավարի շրջապատում վերջին ամիսներին մարդիկ «սկսել են ավելի ու ավելի թերահավատորեն վերաբերվել Նեթանյահուին և հիասթափվել նրանից»:

Հունիսի սկզբին Թրամփը New York Post թերթին տված հարցազրույցում հաստատել է, որ հեռախոսազրույցի ժամանակ կշտամբել է Նեթանյահուին՝ նրան անվանելով «անիծյալ խելագար»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն