hetq.am Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնին։ Ուղերձում Ադրբեջանի նախագահը հայտարարել է Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների նոր շրջանի մեկնարկի մասին։
«Վերջին շրջանում ձեզ հետ տեղի ունեցած հեռախոսազրույցների և անցյալ տարի Կոպենհագենում կայացած մեր հանդիպման ընթացքում ադրբեջանա-ֆրանսիական օրակարգում առկա հարցերի, երկկողմ կապերի ներկա վիճակի և հեռանկարների արդյունավետ քննարկումները հիմք են տալիս ասելու միջպետական հարաբերությունների պատմության մեջ նոր շրջանի մեկնարկի մասին»,- ասված է Ալիևի ուղերձում։
Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ Բաքուն և Փարիզը գործընկերության ոգով կշարունակեն փոխգործակցությունը տնտեսական, մշակութային, կրթական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:
Երկու երկրների հարաբերություններում լարվածությունն առաջացել էր 2020 թվականին 44-օրյա պատերազմից հետո։ Մասնավորապես, Բաքուն Փարիզին մեղադրում էր Հայաստանին աջակցելու և Երևանին սպառազինություն մատակարարելու համար։ Ադրբեջանական կողմը նաև պնդում էր, թե իբր Ֆրանսիան փորձում է միջամտել Ադրբեջանի ներքին գործերին, այնինչ Բաքվում կազմակերպվում էին Ֆրանսիայի մաս կազմող Նոր Կալեդոնիայի անջատողականների կոնֆերանսներ և ֆորում քննարկումներ։