Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրից օգտվել է շուրջ 17 հազար ընտանիք, հատկացվել է 12.6 մլրդ դրամ | armenpress.am

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրից օգտվել է շուրջ 17 հազար ընտանիք, հատկացվել է 12.6 մլրդ դրամ | armenpress.am

armenpress.am Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից այս տարվա ընթացքում արդեն օգտվել է 1775 ընտանիք, որոնց տրամադրվել է շուրջ 1.5 միլիարդ դրամի աջակցություն։ Առաջիկա օրերին վճարումներ կստանա ևս 300-400 ընտանիք։ Ծրագրի մեկնարկից ի վեր ծրագրի շահառու է դարձել շուրջ 17 հազար ընտանիք, իսկ պետական բյուջեից հատկացվել է 12.6 միլիարդ դրամ։

Այս մասին տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը՝ ՀՀ ԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում։ Նա ընդգծեց, որ 2026 թվականի պետական բյուջեով ծրագրի ֆինանսավորման համար նախատեսվել է 2.4 միլիարդ դրամ։

Ղարագյոզյանը հիշեցրեց՝ ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին՝ նպատակ ունենալով բարելավել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանները հատկապես մարզային բնակավայրերում, որտեղ հիփոթեքային շուկան առավել պասիվ էր՝ կանխավճարի ապահովման դժվարությունների պատճառով։ Ծրագրի վերժնաժամկետը սահմանված է 2026 թվականի ավարտը։

Անդրադառնալով ծրագրի բաղադրիչներին՝ նշեց, որ  ծրագրի առաջին բաղադրիչը նախատեսված է առնվազն երկու անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար, որոնք ցանկանում են Հայաստանի ցանկացած մարզային բնակավայրում հիփոթեքային վարկով ձեռք բերել բնակարան կամ կառուցել անհատական բնակելի տուն։ Պետական աջակցությունն ուղղվում է կամ կանխավճարի ֆինանսավորմանը, կամ, եթե դրա անհրաժեշտությունը չկա, հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։

«Աջակցության չափը երկու երեխա ունեցող ընտանիքների համար կազմում է մինչև 1 մլն դրամ, երեք երեխայի դեպքում՝ մինչև 1.5 մլն դրամ, իսկ չորս և ավելի երեխաների դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։ Եթե անշարժ գույքը ձեռք է բերվում սահմանամերձ բնակավայրում կամ այն բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ և մանկապարտեզներ, աջակցության չափն ավելանում է ևս 50 տոկոսով»,-ասաց նա։

Ծրագրի երկրորդ բաղադրիչը վերաբերում է կանխավճարի ապահովագրությանը։

«Այն կիրառվում է այն դեպքերում, երբ բանկը պահանջում է, օրինակ, 30 տոկոս կանխավճար, սակայն շահառուն կարողանում է վճարել միայն դրա մի մասը։ Մնացած գումարը ապահովագրվում է, իսկ պետությունն աջակցում է ապահովագրության ծախսերի նվազեցմանը՝ նպաստելով նաև այդ ինստիտուտի զարգացմանը»,-նշեց նա։

Գայանե Ղարագյոզյանը նկատեց՝ ծրագրի ամենապահանջված բաղադրիչը երեխայի ծննդով պայմանավորված աջակցությունն է։ Այն տրամադրվում է հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքներին և ուղղվում է բացառապես վարկի մայր գումարի մարմանը։

Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է մինչև 500 հազար դրամ, իսկ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում՝ մինչև 2 մլն դրամ աջակցություն։ Կարևոր է, որ ծրագրին դիմեն մինչև երեխայի մեկ տարեկան դառնալը։

«Սահմանամերձ կամ կրթական ենթակառուցվածքներով զարգացող բնակավայրերում այդ գումարը նույնպես ավելանում է 50 տոկոսով։ Եթե ընտանիքում միաժամանակ ծնվում են երկվորյակներ կամ եռյակներ, աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր երեխայի համար առանձին։ Մենք ունենք շահառու, որը ծրագրից օգտվել է արդեն չորս անգամ։ Սա վկայում է, որ ծրագիրն իսկապես պահանջված է, և հույս ունենք, որ այն շարունակական կլինի»,- հավելեց Ղարագյոզյանը։

Հատկանշական է, որ ծրագրի շահառու կարող են լինել նաև միայնակ մայրերը, եթե համապատասխանում են ծրագրի պահանջներին։ Ծրագրի պահանջներից է նաև այն, որ և՛ երեխան, և՛ մայրը պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն