Կալանավորված գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով իր հետ կապվող ընկերությունների գործունեության կասեցմանը։
«Աշխատող, բարիք ստեղծող ձեռնարկությունները կանգնեցվել են։ Հասկանո՞ւմ եք՝ դա ինչպիսի հարված է բիզնեսի ամբողջական ոլորտների և արդար քրտինքով վաստակող մարդկանց համար», – ասվում է գործարարի հայտարարությունում։
Նա պնդել է, որ իր դեմ հարուցված քրեական գործը որևէ առնչություն չունի այդ ընկերությունների հետ, և ինքը վաղուց չի մասնակցում դրանց կառավարմանը։
«Բոլորին հասկանալի է նաև, որ այդ ձեռնարկությունների ապօրինի կասեցումն արվում է ինձ ցավ պատճառելու համար։ Հույս ունեմ, որ բանականությունն ի վերջո կվերականգնվի, և չեն խոչընդոտի այդ ձեռնարկությունների աշխատանքին», – հայտարարել է Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ ընկերությունները աշխատանքով ապահովում են հազարավոր մարդկանց, իսկ դրանց հետ համագործակցող տասնյակ հազարավոր քաղաքացիների և այլ բիզնեսների գործունեությունը ևս տուժել է։
Ծառուկյանի ընտանիքին պատկանող մի շարք խոշոր ընկերություններ ավելի քան մեկ շաբաթ առաջ խուզարկվել և կապարակնքվել էին։ Իրավապահների գործողություններին զուգահեռ Ծառուկյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր՝ խարդախության և փողերի լվացման մեղադրանքներով։
Ընկերությունների աշխատակիցները վերջին օրերին պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով հանել կապարակնիքներն ու հնարավորություն տալ վերադառնալ աշխատանքի։ «Մուլտի տաբակ» և «Մուլտի Սթոուն» ընկերությունների աշխատակիցները նաև պնդում են, որ դեռ չեն ստացել հունիս ամսվա աշխատավարձը։
Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով խարդախության, փողերի լվացման և հարկերից խուսափելու դեպքերի քննության շրջանակում ավելի քան 70 հասցեում խուզարկություններ են իրականացվել։ Թե ինչու են ընկերությունների աշխատանքները երկար ժամանակով դադարեցվել և երբ կվերականգնվեն, իրավապահները դեռ չեն պարզաբանել։