1lurer.am Մյասնիկյան պողոտայում ավտոբուսի և ավտոմեքենայի վթարի հեղինակ, 19-ամյա Վարդան Մարկոսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է:
«Անձի նկատմամբ որպես խափանման միջոց դատարանը կիրառել է վարչական հսկողություն՝ համացանցից օգտվելու սահմանափակումով, բացակայելու արգելք»,- այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Դատարանի որոշման առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունից 1lurer.am հայտնեցին, որ այն բողոքարկվելու է:
Հիշեցնենք, որ 19-ամյա երիտասարդը Երևանում գերազանցել էր ավտոմեքենայի արագությունը, վթարային իրավիճակ ստեղծել և տեսանկարահանել իր գործողությունը:
Դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Վարդան Մարկոսյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 1-ին մասով, 297-րդ հոդվածի (խուլիգանությունը) 2-րդ մասի 3-րդ կետով և 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) 1-ին մասով:
Մայիսի 6-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները 19-ամյա վարորդին հայտնաբերել, ձերբակալել և ներկայացրել էին նախաքննական մարմին։