Չնայած Կիբեռոստիկանության բազմակի զգուշացումներին՝ Հայաստանում շարունակում են գրանցվել դեպքեր, երբ խարդախները, ներկայանալով բջջային օպերատորների աշխատակիցներ, «5G ցանցի թարմացման» կամ «կապի որակի բարելավման» պատրվակով համոզում են քաղաքացիներին հեռախոսում ներբեռնել հատուկ ծրագրեր։ ՆԳՆ-ն հիշեցնում է, որ նման հավելվածները հանցավորներին հնարավորություն են տալիս հեռակա հասանելիություն ստանալ հեռախոսին և հափշտակել բանկային հաշիվներում եղած գումարները։
«Չնայած ՆԳՆ Կիբեռոստիկանության կողմից բազմիցս հրապարակված իրազեկումներին՝ խարդախները շարունակում են «5G ցանցի թարմացման», «կապի որակի բարելավման» կամ «տեխնիկական կարգավորումների» պատրվակով ներկայանալ ՀՀ-ում գործող բջջային օպերատորների աշխատակիցներ և համոզել քաղաքացիներին հեռախոսում ներբեռնել հատուկ ծրագրեր։ Ցավոք, այս մեթոդի հետևանքով շարունակում են արձանագրվել նոր տուժած քաղաքացիներ։
Հիշե՛ք՝ նման ծրագրերի տեղադրումը հանցավորներին հնարավորություն է տալիս հեռակա հասանելիություն ստանալ ձեր բջջային հեռախոսին, մուտք գործել բանկային հավելվածներ և հափշտակել ձեր դրամական միջոցները։
Ձեր անվտանգությունն ապահովելու համար՝
մի՛ ներբեռնեք անծանոթ անձանց առաջարկած ծրագրեր,
մի՛ տրամադրեք հաստատման կոդեր, գաղտնաբառեր կամ այլ անձնական տվյալներ,
կասկածելի զանգ ստանալու դեպքում անմիջապես ընդհատեք խոսակցությունը և կապ հաստատեք ձեր բջջային օպերատորի պաշտոնական սպասարկման կենտրոնի հետ։
Հիշե՛ք՝ ՀՀ-ում գործող բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում ներբեռնել որևէ հավելված կամ ծրագիր»,- նշված է հաղորդագրության մեջ։