Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները

Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Անուշիկ Ավետյանը հուլիսի 15-ին հանդիպել են Օմանի Սուլթանության «KV Group» ընկերության տնօրեն Աբդուլ Վահիդիի, փոխնախագահ Մուհամմադ Ալ Բալուշիի և Օմանի Սուլթանությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանի հետ։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, ինչպես նաև հայկական թարմ պտուղբանջարեղենի՝ Օմանի շուկա արտահանման հնարավորությունները։

Արման Խոջոյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության արտահանման խթանման քաղաքականությունը՝ ընդգծելով Պարսից ծոցի երկրների հետ համագործակցության ընդլայնման կարևորությունը, ինչպես նաև ներկայացրել է Հայաստանի ինտենսիվ այգեգործության և ջերմատնային տնտեսությունների ներուժը։

«KV Group»-ի ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել Հայաստանից թարմ պտուղբանջարեղենի ներմուծման հարցի վերաբերյալ։ Այցի շրջանակում նրանք կայցելեն Հայաստանի մի շարք այգեգործական և ջերմատնային տնտեսություններ՝ տեղում ծանոթանալու արտադրանքին և արտահանման հնարավորություններին։
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, կազմակերպել B2B ձևաչափով հանդիպումներ հայկական արտադրողների մասնակցությամբ և փոխանակել անհրաժեշտ տեղեկատվություն՝ համագործակցության գործնական ուղղությունները հստակեցնելու նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն