Հայաստանի ազգային գրադարանի ընթերցասրահում բացվել է Իրանական գրականության անկյուն։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, ԻԻՀ դեսպանության հանրային դիվանագիտության ներկայացուցիչ Նեդա Ռաէֆիփուրը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել Հայաստանի ազգային գրադարանում Իրանական գրականության անկյան բացման կապակցությամբ՝ նշելով, որ նախաձեռնությունը կապահովի իրանական գրականության և մշակույթի առավել լայն հասանելիությունը Հայաստանում՝ նպաստելով իրանագիտության զարգացմանը։
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի խոսքով՝ Հայաստանի ազգային գրադարանը բարձր է գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որը հիմնված է փոխադարձ վստահության, մշակութային երկխոսության և երկարաժամկետ գործընկերության վրա։
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին ևս կարևորել է Իրանական գրականության անկյան ստեղծումը Հայաստանի ազգային գրադարանում՝ վստահություն հայտնելով, որ համագործակցությունը կլինի շարունակական:
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության կողմից Հայաստանի ազգային գրադարանին է նվիրաբերվել 293 միավոր գրականություն՝ բառարաններ, գիտական աշխատությունների ժողովածուներ, ուսումնական ձեռնարկներ, կրոնական գրականություն, պոեզիայի ժողովածուներ, ժամանակակից գեղարվեստական գրականություն և այլ հրատարակություններ, որոնք համալրել են Հայաստանի ազգային գրադարանի իրանական գրականության հավաքածուն»,- նշված է հաղորդագրությունում։