aravot.am ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ենթադրյալ ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով դատական նիստում այսօր հանրային մեղադրողը միջնորդեց թույլատրել փոխել հայցի առարկան և հիմքը։
Ըստ հանրային մեղադրողի՝ ՆԳՆ-ից ստացվել է տեղեկություն անշարժ գույքի նվիրատվության վերաբերյալ։ Ստացված նոր տվյալները ներառվել են հայցի հիմքում և հաշվարկներում, ինչի հետևանքով առաջացել է հայցի հիմքն ու առարկան փոխելու անհրաժեշտություն։
Հանրային մեղադրողը նշեց, որ 2015 թվականին ոստիկանության և Վալերի Օսիպյանի միջև կնքվել է նվիրատվության պայմանագիր, որի հիման վրա Ծաղկաձորի բնակարանը փոխանցվել է Օսիպյանին։
Նա ասաց, որ կատարվել է իրավական հիմքերի ուսումնասիրություն, ՆԳՆ-ից ստացվել են համապատասխան տեղեկությունները, ոստիկանապետի հրամանը և նվիրատվության պայմանագիրը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նվիրատվությունը չի բավարարել իրավական չափանիշներին։ Ընդունված են կառավարության որոշումներ, որոնք սահմանում են, թե որ դեպքերում կարող են զինծառայողներին կամ իրավապահ համակարգի ծառայողներին անհատույց նվիրատվություններ կատարվել։
Վալերի Օսիպյանի ներկայացուցիչը նշեց, որ ապօրինի ծագման գույք է համարվում այն գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Տվյալ դեպքում Ծաղկաձորի գույքը ձեռք է բերվել պետության կողմից անհատույց նվիրատվության պայմանագրի հիման վրա։
Դատարանը որոշեց միջնորդության վերաբերյալ որոշում կայացնել առանձին դատական ակտով։ Պատասխանող կողմը խնդրեց տրամադրել երկու ամիս ժամանակ՝ հանրային մեղադրողի ներկայացրած նոր հաշվարկներին և հայցի փոփոխված հիմքին ու առարկային ծանոթանալու համար։ Դատական նիստը հետաձգվեց:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում