Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակի կողմից անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում են Հայաստանի քննչական կոմիտեից։
Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մանկապարտեզի դաստիարակը, տևական ժամանակ չհամակերպվելով երեխայի աշխույժ վարքագծի հետ, 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին մանկապարտեզի ննջարանում քաշքշել և հարվածել է անչափահասի գլխին։
Ըստ Քննչական կոմիտեի՝ երեխայի լացը հարկադրաբար դադարեցնելու նպատակով դաստիարակը նրան ևս մեկ անգամ է հարվածել։
Հսկող դատախազի որոշմամբ դաստիարակի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հատկանիշներով։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսի 26–ին համացանցում տեսանյութ էր տարածվել մանկապարտեզի ննջասենյակից, որում երևում էր, թե ինչպես է աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում երեխայի նկատմամբ։ Դեպքի առնչությամբ իրավապահ մարմինները սկսել էին ուսումնասիրություն։