aravot.am «Իմ միջնորդությունը երկշերտ է՝ առաջինը՝ դիմել ՍԴ՝ սահմանադրականության հարցով։ Ապա դուք պետք է ճանաչեք ձեզ այն ատյանը, որը պետք է լուծի անձեռնմխելիության հարցը, պետք է լուծեք պարոն Գևորգյանի անձեռնմխելիությունը և դադարեցնեք նրա նկատմամբ քրեական հետապնդումը»,- ՀՀ հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանին այսօր դիմեց պաշտպան Լուսինե Սահակյանը։
Դատարանն այսօր «Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով» քննում էր Արմեն Գևորգյանի մեղադրանքի օրինականության հարցը։
Պաշտպանը հիմնական շեշտը դրեց Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության հարցի վրա։ Տարոն Մարգարյանի նախադեպը վկայակոչելով, որը պատգամավորի կարգավիճակ ստացել է, երբ մեղադրյալի կարգավիճակ ուներ, և դատախազը դիմել էր ԱԺ՝ համաձայնություն ստանալու համար, Լուսինե Սահակյանը պնդեց, որ Արմեն Գևորգյանի պարագայում էլ պետք է կիրառվեր այդ ընթացակարգը, այլապես չեզոքացվում է պատգամավորի ինստիտուտը։
Այս գործով նաև Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքն է վերաորակավորվել։ Պաշտպանական կողմը պնդում է՝ նոր մեղադրանք է առաջադրվել՝ առանց ընթացակարգերի պատշաճ պահպանման։
Ավելին, Լուսինե Սահակյանի պնդմամբ, նաև ԵԽԽՎ-ից էլ պետք է համաձայնություն ստանար դատախազությունը. «ՍԴ որոշմամբ, որն այլ կերպ է մեկնաբանվում, և ԵԽԽՎ նախագահի նամակում, որը գրվել է և ուղարկվել ՀՀ տարբեր պաշտոնատար անձանց, ասվում է, որ եթե լինի մեղադրանքը փոխելու որոշում, պետք է համաձայնություն ստանալ, դատարանը պետք է իր դիրքորոշումը փոխի»։
Արմեն Գևորգյանն էլ պնդեց՝ իրավական անորոշության մեջ է գործը։ Անձեռնմխելիությունը հաղթահարված չէ, ուստի պետք է քրեական հետապնդումը դադարեցվի։
Նա հայտարարեց, որ 2008 թվականի մարտի 1-ին ինքը կատարել է նախագահի համապատասխան հրամանագրով տրված հրահանգները։ Հայտարարեց՝ ծառայողական պարտականությունների կատարումը չի կարող դիտարկվել հանցավոր։ Վերահաստատեց՝ նախագահի հրամանագրի ընդունման և հաստատման ողջ գործընթացն օրինական է եղել և բխել է ՀՀ Սահմանադրությունից, բայց եթե անգամ ընդունենք, որ այն խնդրահարույց է, ապա պետական կառավարման համակարգի մի շարք աշխատակիցներ ևս պետք է պատասխանատվության կանչվեին այս գործով։ Ստացվում է, որ իր նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվել։
Մինչդեռ, այս տրամաբանությամբ, Արմեն Գևորգյանի կարծիքով, լուրջ կասկածի տակ ենք դնում պետական կառավարման համակարգի աշխատանքը և խնդիրներ ենք ստեղծում համակարգի գործունեության համար։ Այսպիսով, պետական ծառայողները պետք է գործեն հետագա քրեական պատասխանատվության վախով։ Նա պնդեց՝ չի կարող պետական ծառայողը քրեական պատասխանատվության կանչվել, որովհետև հետագայում վերադաս մարմինը ինչ-ինչ որոշումներ է կայացնելու։
Գործով մյուս առանցքային մեղադրյալներից պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեջլումյանն էլ միացավ միջնորդությանը՝ հայտարարելով, որ իր պաշտպանյալի նկատմամբ նույնպես պետք է քրեական հետապնդումը դադարեցվի՝ նույն հիմքերով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում