Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբան Էմին Խաչատրյանը։
Բողոքում մանրամասն ներկայացվել են առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, հիմնավոր կասկածի, ձերբակալման և կալանքի իրավաչափության, ինչպես նաև այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորության վերաբերյալ պաշտպանության կողմի փաստարկները։
Պաշտպանության կողմը լիահույս է, որ վերաքննիչ դատարանը կտրամադրի գործի հանգամանքների լիարժեք, օբյեկտիվ և անաչառ գնահատական՝ ապահովելով արդար դատաքննության և անձի ազատության իրավունքի արդյունավետ պաշտպանությունը։
Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում հուլիսի 6-ին ձերբակալվել է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու մեղադրանքով։ Հաջորդ օրը՝ հուլիսի 7-ի երեկոյան, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկու ամսով կալանքը։