Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է | hetq.am

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է․ ՔԿ

Քննչական կոմիտեից հաղորդում են, որ ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է։

«ՀՀ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում դեռևս 2023 թվականի օգոստոսի 7-ից քննվող քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներ Ա․Ս.-ն և Ա․Գ․-ն տուժող Ա․Հ․-ի գտնվելու վայրը պարզելու և մեղադրյալ Ա․Ս․-ին ցույց տալու համար՝ նախապես նրա կողմից խոստացված 5 մլն ՀՀ դրամ գումարի դիմաց, շահադիտական նպատակով, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով, խմբի կազմում, դեպքի նախորդող պահին տուժողի գտնվելու վայրը պարզելու և մեղադրյալին ցույց տալու, ինչպես նաև մեղադրյալի և ինքնությունը չպարզված անձանց հետ միասին տուժողին հետապնդելու ընթացքում խոչընդոտները վերացնելու միջոցով օժանդակել են Ա.Ս.-ի կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով եղբայրներ՝ Ա․Հ․-ի սպանության փորձին և նույն եղանակով Ար.Հ․-ի սպանությանը, որի արդյունքում Ա․Ս․-ն տուժողներին հետապնդելու ընթացքում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ռոմանոս Մելիքյան փակուղում կրակոցներ արձակելով, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար կյանքից զրկել է Ար.Հ․-ին և փորձել սպանել նրա եղբորը՝ Ա․Հ.-ին, որից հետո դիմել է փախուստի։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություններ են կատարվել 2 ոստիկանների բնակարաններում:

Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից, շահադիտական դրդումներով, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությանն օժանդակելը):

Ա․Ս.-ն և Ա․Գ․-ն ձերբակալվել են՝ դատարան ներկայացնելու համար:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն