Հորդանանում Իրանի հարձակումից զոհվել է ամերիկացի 2 զինծառայող | azatutyun.am

Հորդանանում Իրանի հարձակումից զոհվել է ամերիկացի 2 զինծառայող | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն այսօր հայտարարել է՝ ուրբաթ օրը Հորդանանում ամերիկացի երկու զինծառայող է զոհվել՝ իրանական հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ մղելու ընթացքում։ Հաղորդվում է, որ ևս մեկ զինծառայող անհետ կորել է մարտական գործողությունների ժամանակ:

Վաշինգտոնն ու Թեհրանը միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել այն բանից հետո, երբ անցած շաբաթ հրադադարի մասին համաձայնանգիրը խզվեց՝ մեծացնելով լայնածավալ պատերազմի վերսկսման մտավախությունները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս ամսվա սկզբին հայտարարեց՝ Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու նպատակով ստորագրված փոխըմբռնման հուշագիրն «ավարտված է», հավելելով, որ այլևս չի ցանկանում շփվել Թեհրանի հետ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Մարտի 9-ին Իրանի Փորձագետների խորհուրդը երկրի նոր Գերագույն հոգևոր առաջնորդ է ընտրել Մոջթաբա Խամենեիին՝ Այաթոլլահ Ալի Խամենեիի որդուն։

Մարտին իրանական կողմը հայտարարել է Հորմուզի նեղուցը փակելու մասին: Նավթի տեղափոխման խոշորագույն ճանապարհի արգելափակումը հանգեցրել է վառելիքի համաշխարհային գնի բարձրացմանը։

Ապրիլի 7-ին ԱՄՆ-ն հայտարարել է հաջորդ օրվանից հրադադար սկսելու մասին։ Օրեր անց՝ ապրիլի 11-ին, Իսլամաբադում տեղի են ունեցել խաղաղության շուրջ բանակցություններ Իրանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։

Միայն հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարեցին խաղաղության շրջանակային համաձայնագրի շուրջ համաձայնության գալու մասին: Բանակցություններն ընթանում են 12 առանցքային կետերի շուրջ։ Դրանց թվում են․

Պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում (ներառյալ Լիբանանում):
Ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգում:
Վերջնական գործարքի կնքում առավելագույնը 60 օրում (երկարաձգման հնարավորությամբ):
ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների ռազմածովային շրջափակման վերացում:
Իրանի կողմից Հումուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցման ապահովում։
ԱՄՆ-ը և տարածաշրջանային գործընկերների կողմից առնվազն 300 միլիարդ դոլար արժողությամբ «վերջնական, փոխադարձաբար համաձայնեցված պլանի» մշակում՝ Իրանի վերականգնման և տնտեսական զարգացման համար»։
Պատժամիջոցների վերացում։
Իրանը կողմից համաձայնություն չարտադրել կամ ձեռք չբերել միջուկային զենք։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն