Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 21-ին Կապանում հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ:
Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը, այդ թվում՝ գյուղական բնակավայրերում գազաֆիկացման, խմելու և ոռոգման ջրի հասանելիության, սեփականության իրավունքի իրացման, դպրոցաշինության հետ կապված և մի շարք այլ հարցեր:
Պաշտպանն ընդգծել է Սյունիքի մարզպետի հետ ձևավորված կառուցողական աշխատանքը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ արագ ստանում են իրենց լուծումները:
Անահիտ Մանասյանն իր հանձնառությունն է հայտնել քննարկված հարցերը մանդատի շրջանակում լուծելու տեսանկյունից:
Պաշտպանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում պետք է շարունակաբար կատարելագործել անձանց կյանքի վրա ազդեցություն ունեցող համակարգերը: