Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ | armenpress.am

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ | armenpress.am

armenpress.am Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնը ստանձնելու առթիվ շնորհավորել է Միացյալ Թագավորության նորանշանակ ԱԳ նախարար Էդվարդ Միլիբենդին։

Միրզոյանը Մեծ Բրիտանիայի նորանշանակ ԱԳ նախարարին շնորհավորել է X-ի իր միկրոբլոգում արված գրառման միջոցով։

«Շնորհավորում եմ Էդվարդ Միլիբենդին՝ Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ համագործակցելուն՝ հանուն Հայաստան-Մեծ Բրիտանիա ռազմավարական գործընկերության առաջմղման և մեր ընդհանուր առաջնահերթությունների շրջանակներում համագործակցության խորացման»,-նշված է Արարատ Միրզոյանի գրառման մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բըրնհեմը հունիսի 20-ին պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարել է նոր կառավարության կազմը։

Ջոն Հիլին, որը հունիսին հրաժարական էր տվել պաշտպանության նախարարի պաշտոնից՝ ի նշան բանակի և նավատորմի թերֆինանսավորման դեմ բողոքի, նշանակվել է ֆինանսների նախարար:

Էդվարդ Միլիբենդը, որը 2010-2015 թթ. եղել է Լեյբորիստական ​​կուսակցության առաջնորդը, նշանակվել է արտաքին գործերի նախարար:

Շաբանա Մահմուդը կմնա ներքին գործերի նախարարի պաշտոնում, որը նա զբաղեցնում է 2025 թվականից:

Արտաքին գործերի նախկին նախարար Իվետ Քուփերը նշանակվել է առողջապահության նախարար:

Առողջապահության նախկին նախարար Ուես Սթրիթինգը նշանակվել է պաշտպանության նախարար:

Հունիսի 20-ին Չարլզ III թագավորը պաշտոնապես ընդունել էր Քիր Սթարմերի հրաժարականը, վարչապետ էր նշանակել Բըրնհեմին և նրան հանձնարարել կառավարություն ձևավորել: Մեծ Մանչեստրի 56-ամյա նախկին քաղաքապետը հունիսի 17-ին ստանձնել էր իշխող Լեյբորիստական ​​կուսակցության ղեկավարի պաշտոնը՝ փոխարինելով Քիր Սթարմերին:

Առաջին օտարերկրյա առաջնորդները, որոնց հետ վարչապետ Բըրնհեմը հեռախոսազրույց է ունեցել, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Զելենսկին հայտնել է, որ Բըրնհեմի հետ զրույցի ժամանակ պայմանավորվել են շուտով հանդիպել և քննարկել հետագա համագործակցությունը, մասնավորապես, հակաբալիստիկ կոալիցիայի շրջանակում։

Ֆոն դեր Լայենը Բըրնհեմի հետ զրույցից հետո հայտնել է, որ կողմերը հանձնառու են «ԵՄ-ն և Միացյալ Թագավորությունն ավելի մոտեցնել իրար»։ Նրա խոսքով՝ Ուկրաինային աջակցության շուրջ «գերազանց համագործակցությունը» կշարունակվի։

Թրամփն էլ նորանշանակ վարչապետի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է նրա հետ առաջիկայում  հանդիպելու պլանների մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն