Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ | armenpress.am

Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ | armenpress.am

armenpress.am Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վլադիմիր Լադանովին և մտահոգություն հայտնել հրթիռային հարվածի հետևանքով Հնդկաստանի քաղաքացի հանդիսացող չորս նավաստու զոհվելու կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ըստ ԱԳՆ հայտարարության՝ Լադանովին խնդրել են փոխանցել Հնդկաստանի խորը մտահոգությունները և ասել են, որ առևտրային նավերի թիրախավորումը և դրա հետևանքով քաղաքացիական անձանց կյանքի կորուստն «անընդունելի» են։

«Նման հարձակումները խաթարում են միջազգային ծովային առևտրի անվտանգությունը, պաշտպանվածությունը և կայունությունը», – հայտարարությունից մեջբերում է Reuters-ը։

Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել էին, որ Ռուսաստանը հուլիսի 19-ին երեք թևավոր հրթիռ է արձակել Գվինեա-Բիսաուի դրոշով նավարկող Golden Leo նավի վրա, որի տախտակամածին գտնվում էին հնդիկ և սիրիացի անձնակազմի անդամներ։ Հարվածների հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ Հնդկաստանի 4 քաղաքացի։ Golden Leo-ն պատկանում է Մումբայում տեղակայված ընկերության։

Նավը հարձակման է ենթարկվել Օդեսայից եգիպտացորենի բեռով դուրս գալու ժամանակ, հայտնել է Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Վերջին ամիսներին ԱՄՆ-Իրան հակամարտության ընթացքում ևս հնդիկ նավաստիներ են զոհվել, և Հնդկաստանը բողոք է հայտնել ինչպես Վաշինգտոնին, այնպես էլ Թեհրանին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն