«Սանիթեքից» մինչև ICSID. ինչպես Հայաստանի դեմ հանդես եկած իրավաբանը դարձավ նրա ընտրած արբիտրը | hetq.am

«Սանիթեքից» մինչև ICSID. ինչպես Հայաստանի դեմ հանդես եկած իրավաբանը դարձավ նրա ընտրած արբիտրը | hetq.am

hetq.am Հայաստանը վեց տարով փոխել է Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնում (ICSID) իր արբիտրների (իրավարարներ) և հաշտարարների կազմը։ «Հետքի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պետության քվոտայով առաջադրված իրավաբանները տարբեր կապերով առնչվում են վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանին՝ մասնագիտական, գործարար կամ անձնական հարաբերություններով, իսկ նրանց ընտրության գործընթացը հրապարակային չի եղել։

2026թ.-ի փետրվարին Կարեն Անդրեասյանը ICSID-ին է ներկայացրել չորս թեկնածուի՝ մինչև 2032թ. փետրվարի 4-ը պաշտոնավարելու ժամկետով։ Առաջադրվել են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Եղիշե Կիրակոսյանը, Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը և «Ջի Փարթներս» ընկերության հիմնադիր տնօրեն Սարգիս Գրիգորյանը։ Վերջինս նույն կենտրոնում քննվող «Սանիթեք»-ն (Sanitek S.a.r.l.) ընդդեմ Հայաստանի գործով իրավաբանական խմբի կազմում ներկայացրել է ընկերության շահերը։ Ներկայացված բոլոր թեկնածուներն արդեն ընդգրկվել են ICSID-ի արբիտրների և հաշտարարների հանձնախմբերում։

Ի դեպ, Սարգիս Գրիգորյանը միջազգային կենտրոնին ներկայացվել է դեռևս այն ժամանակ (2026թ.–ի փետրվարի 4), երբ «Սանիթեքի» գործով վճիռ կայացված չէր (վճիռը կայացվել է 2026թ.–ի մայիսի 22-ին, իսկ նույն տարվա ապրիլի 24-ին տրիբունալը հայտարարել է վարույթը փակված):

Արբիտր և հաշտարար նշանակված անձինք ի՞նչ կապ ունեն Կարեն Անդրեասյանի հետ և ինչպես են ընտրվել 

Հայաստանի կողմից ICSID-ի արբիտրների և հաշտարարների ցանկում ընդգրկված Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը (պաշտոնավարել է 2022թ. դեկտեմբերի 26-ից մինչև 2024թ. հոկտեմբերի 2-ը՝ փոխարինելով Կարեն Անդրեասյանին) «AM» իրավաբանական ընկերության բաժնետերն է և տնօրենը: Նույն ընկերությունում բաժնետեր է նաև Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Կարեն Անդրեասյանի կինը՝ Եվա Առաքելյանը:

Մինասյանի և Անդրեասյանի ընտանիքների փոխկապակցվածությանն ու հնարավոր շահերի բախմանը մամուլն ու փաստաբանական համայնքն ակտիվորեն անդրադարձել են դեռևս այն ժամանակ, երբ Կարեն Անդրեասյանը զբաղեցնում էր Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի, իսկ Գրիգոր Մինասյանը՝ արդարադատության նախարարի պաշտոնը։ Այն ժամանակ նախարարության միջնորդությունների հիման վրա ԲԴԽ-ն դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումներ էր կայացնում։

Փաստացի, պաշտոնների փոփոխությունից հետո էլ պահպանվում է բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների միջև եղած գործարար փոխկապակցվածությունը։ Միջազգային ատյանում պետության անունից հանդես եկող թեկնածուին առաջադրել է այն պաշտոնյան, որի կնոջ բիզնես գործընկերն է տվյալ անձը։ Նման իրավիճակը ողջամիտ կասկածներ է հարուցում որոշումների անկախության, անաչառության և հանրային վստահության վերաբերյալ։

Եղիշե Կիրակոսյանը և Հայկուհի Հարությունյանը ևս ընկերական հարաբերություններ ունեն Կարեն Անդրեասյանի հետ: Հայկուհի Հարությունյանն աշխատում է Կարեն Անդրեասյանի կնոջ և Գրիգոր Մինասյանի «AM» իրավաբանական ընկերությունում՝ ավագ իրավախորհրդատու է:

«Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի լուծման մասին» կոնվենցիայի ընդունմամբ է ստեղծվել Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնը: Վերջինս ունի հաշտեցնողների և արբիտրների հանձնախմբեր:

Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր պետություն իրավասու է յուրաքանչյուր հանձնախմբի կազմում առաջադրել չորս հոգու՝ վեց տարի ժամկետով:

Ըստ Կոնվենցիայի՝ հանձնախմբերի անդամներ առաջադրվող անձինք պետք է ունենան բարձր բարոյական հատկանիշներ և ճանաչված լինեն որպես իրավունքի, առևտրի, արդյունաբերության կամ ֆինանսների ոլորտների բանիմաց մասնագետներ, որոնց անկախ դատողության վրա կարելի է հենվել։ Իրավաբանական մասնագիտացումն առանձնակի կարևոր նշանակություն ունի հատկապես արբիտրների հանձնախմբի անդամների համար։

Կենտրոնի նստավայրը գտնվում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի գլխամասային գրասենյակում (Վաշինգտոն):

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հայտնել է, որ Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) հաշտարարների և իրավարարների հանձնախմբերում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվելու նպատակով ստացել է ընդհանուր չորս դիմում։ Իսկ նախկին անդամների պաշտոնավարման ժամկետն ավարտվել էր 2026թ. հունվարի 24-ին։

Ըստ գրասենյակի աշխատակազմի ղեկավար Արտյոմ Սուջյանի՝ թեկնածուների առաջադրման գործընթացն իրականացվել է «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքի և ներկայացուցչի գրասենյակի կանոնադրության համաձայն։ Օրենքով ներկայացուցչին վերապահված է Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության կողմից նշանակվող արբիտրների և հաշտարարների թեկնածուներ առաջարկելու լիազորությունը։ Այդ նպատակով ուսումնասիրվել և վերլուծվել են ստացված բոլոր չորս դիմումները, որոնց հիման վրա էլ կատարվել են համապատասխան առաջադրումները։

Վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանին գրավոր հարցրել էինք, թե ինչ եղանակով, ինչ չափանիշներով և ում կողմից են ընտրվել արբիտրների և հաշտարարների թեկնածուները։ Ստացված պատասխանում այդ հարցերի պատասխանները փաստացի չկան։

Թեկնածուների ընտրության մրցույթ չի եղել, ինչպես լինում է, օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների թեկնածուների դեպքում: Նման կարգավորում էլ չկա: Այստեղ փաստացի մեծ հայեցողական լիազորություններ ունի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, այս դեպքում՝ Կարեն Անդրեասյանը:

Սակայն, կարգի բացակայությունն ամենևին արգելք չէ բաց և հրապարակային գործընթաց սկսելու համար: Հայտարարություն չտարածելու պայմաններում ինչպե՞ս է մասնագիտական հանրությունը տեղեկացվել թեկնածուներ առաջադրելու հնարավորության մասին, ի՞նչ չափանիշներով են գնահատվել դիմողները, իրականացվե՞լ են արդյոք հարցազրույցներ կամ թեկնածուների համեմատական գնահատում, և ինչո՞ւ են ընտրվել հենց այդ անձինք։ Ընտրություն կատարելու համար չի եղել նաև գեթ մեկ ավել դիմում, որպեսզի դիմողների մեջ ընտրության հնարավորություն լիներ:

Բաց աղբյուրներում, այդ թվում Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ֆեյսբուքյան էջում, չի եղել հայտարարություն՝ արբիտր կամ հաշտարար առաջադրվելու վերաբերյալ: Ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմի ղեկավարի գրավոր պատասխանում ևս չի նշվել հայտարարության մասին:

Ավելին, եթե ներկայացված չորս դիմողներն էլ առաջադրվել են, հարց է ծագում, թե որն է եղել դիմումների ուսումնասիրության և գնահատման գործնական նպատակը, եթե այդ գործընթացի արդյունքում որևէ թեկնածու չի մերժվել։ Հենց այս համատեքստում էլ հարց է առաջանում, թե ինչու՞ Հայաստանի Հանրապետությունը որոշեց Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի հաշտեցնողների և իրավարարների հանձնախմբերում առաջադրել այն իրավաբանին, որը դեռ վճիռ չկայացված գործով ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դատավարական հակառակորդ կողմի շահերը նույն արբիտրաժում։

Առաջադրված չորս անձինք (Եղիշե Կիրակոսյան, Գրիգոր Մինասյան, Սարգիս Գրիգորյան և Հայկուհի Հարությունյան) Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ են ներկայացրել իրենց ինքնակենսագրական տվյալները (CV), որի հիման վրա էլ կատարվել է թեկնածուների ընտրությունը։

Շահերի բախման մասին գրավոր հարցրել էինք Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին, ինչին ի պատասխան հայտնել են, որ շահերի բախում չկա:

«Նշված իրավիճակը ինքնին չի կարող դիտարկվել որպես թեկնածության առաջադրումը բացառող հանգամանք, քանի որ հակառակ մոտեցումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության դեմ երբևէ ներկայացված որևէ հայցի (գանգատի), այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատների շրջանակներում երբևէ ներկայացուցչություն իրականացրած մասնագետների թեկնածությունների ինքնաշխատ եղանակով բացառում։ Հարկ ենք համարում փաստել նաև, որ նշված թեկնածության ներկայացման պահին «Սանիթեք» ընկերությունը և մյուսներն ընդդեմ Հայաստանի արբիտրաժային գործի քննությունն ամբողջությամբ ավարտված է եղել և անցել է վճռի կայացման և հրապարակման փուլ»,- «Հետքին» հայտնել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Արտյոմ Սուջյանը։

Հարցն այն չէ, թե նախկինում Հայաստանի ներկայացուցիչ հանդիսացած անձը կարող է, թե չի կարող առաջադրվել ICSID-ի հանձնախմբերում։ Իրական խնդիրը ոչ թե ֆորմալ շահերի բախումն է, այլ արտաքին ընկալումը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն