Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում | armenpress.am

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում | armenpress.am

armenpress.am Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Հարավային Կովկասում խաղաղություն, անվտանգություն և կայունություն ունենալն անհրաժեշտություն է։

Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ մանրամասնելով, որ Գերմանիայի կանցլերը նման հայտարարություն է արել Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Մերցը նշել է, որ Գերմանիան և Եվրամիությունը լիովին հանձնառու են այս աշխարհաքաղաքական կարևոր տարածաշրջանում կայունության հաստատմանը։

Մերցը նաև շնորհավորել է Իլհամ Ալիևին Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախաստորագրման կապակցությամբ։

«Նշված պայմանագիրը նախաստորագրվել է Ադրբեջանի և Հայաստանի կողմից։ Այս պատմական համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս՝ վերջապես հաղթահարելու ձգձգված հակամարտությունը»,-ասել է Գերմանիայի կանցլերը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ստորագրել են Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ հռչակագիր։

Միաժամանակ, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նախաստորագրել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ խաղաղության համաձայնագրի տեքստը՝ բաղկացած 17 հոդվածից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն