Հուլիսի 20-ի առավոտյան բժշկական զննության ժամանակ կտրուկ վատացել է «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը, արձանագրվել է զարկերակային ճնշման կտրուկ անկում։ Այս մասին տեղեկանում ենք «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ֆեյսբուքյան էջից։
«Կալանավայրում սկզբում որոշել են շտապ օգնություն կանչել, քանի որ Թևանյանը գտնվել է կյանքի և մահվան սահմանագծում, բայց որոշ ժամանակ անց փոխել են որոշումը և շտապ օգնություն չեն կանչել։ Իրենց որոշումը հիմնավորել են այն բանով, որ Թևանյանի վիճակը կամաց-կամաց նորմալանում է, և կյանքին այլևս վտանգ չի սպառնում։
Տեղեկացնենք, որ Ա. Թևանյանը մինչև կալանավայրում հայտնվելը երբևէ չի ունեցել ճնշման և ընդհանրապես որևէ լուրջ առողջական խնդիր։
Այս պահին Թևանյանի առողջական վիճակը կայունացել է, ինքնազգացողությունը բավարար է և գտնվում է ՔԿՀ-ի բժշկական անձնակազմի հսկողության ներքո։
Հ.Գ. Թևանյանն իր շնորհակալությունն է հայտնում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի բուժանձնակազմին, նույն հիմնարկի ծառայողներին՝ մասնագիտական և մարդկային վերաբերմունքի համար»,- նշված է հրապարակման մեջ։