azatutyun.am Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ հայտնել է, որ Լիբանանի տարածքից իսրայելական ուժերի ամբողջական դուրսբերումն էական նշանակություն ունի կայունության ամրապնդման և Լիբանանի ինքնիշխանության համար, Reuters-ի փոխանցմամբ՝ տեղեկացրել են Աունի աշխատակազմից։
Թրամփի աշխատասենյակում առաջնորդները քննարկել են Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա» խմբավորմանը զինաթափելու և Լիբանանի տարածքներից Իսրայելի զինուժի դուրսբերումն ապահովելու ծրագրերը: Լիբանանի նախագահի մամուլի ծառայությունից նաև հայտնել են, որ քննարկվել են Լիբանանի վերականգնմանը և վերակառուցմանը վերաբերող հարցեր։
«Սա մի երկիր է, որի հետ շատ վատ են վարվել, և մենք պատրաստվում ենք այնպես անել, որ նրա հետ վարվեն պատշաճ կերպով և արժանի հարգանքով, – հանդիպմանն ասել է նախագահ Թրամփը՝ ավելացնելով․ – Այստեղ «Հեզբոլա»-ի հետ կապված խնդիր կա»։
Իսրայելական ուժերի՝ Լիբանանի տարածքից հեռանալու հետ մեկտեղ Վաշինգտոնը նաև ակնկալում է, որ Լիբանանում գործող իրանամետ «Հեզբոլա» խմբավորումը կզինաթափվի:
Լիբանանցի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Աունը, բացի զորքերը դուրս բերելու համար Իսրայելի վրա ճնշում գործադրելու խնդրանքից, նախատեսում էր նաև Թրամփին «Հեզբոլա»-ը զինաթափելու վերաբերյալ գրավոր առաջարկ ներկայացնել։
Թրամփն իր հերթին ասել է, որ պատրաստ է խոսել «Հեզբոլա»-ի առաջնորդների հետ, եթե Աունը կարծում է՝ դա օգտակար կլինի։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Սիրիան կարող է դերակատարում ունենալ զինված շարժումը զինաթափելու գործում, թեև չի հստակեցրել, թե ինչպես։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում