ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները | armenpress.am

ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում հուլիսի 21-ին մեկնարկել են Եվրոպական միության փորձագետների մասնակցությամբ Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխմանը և էլեկտրաէներգիայի պահեստավորման կարգավորման հարցերին նվիրված քննարկումները։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

Միջոցառումն անցկացվում է «Մաքուր էներգիայի անցման և փոխկապակցման խթանումն Արևելյան գործընկերության երկրներում» նախաձեռնության ներքո իրականացվող «ԵՄ-ն հանուն էներգետիկայի» ծրագրի շրջանակում։

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, կարևորել է Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի շարունակական բարեփոխումների գործընթացում Եվրոպական միության և այլ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։ Նրա խոսքով՝ նման ձևաչափերը նպաստում են ժամանակակից կարգավորող լուծումների մշակմանը, միջազգային լավագույն փորձի ներդրմանը և ոլորտի կայուն զարգացմանը։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև «ԵՄ-ն հանուն էներգետիկայի» ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արմին Բյումը՝ անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական միության միջև էներգետիկ ոլորտում գործընկերության կարևորությանը և ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին։

Քննարկումների ընթացքում կներկայացվեն «ԵՄ-ն հանուն էներգետիկայի» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները, որոնք վերաբերում են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի գնահատմանը, դրանից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի քարտեզագրմանը և դրանց առաջնահերթությունների սահմանմանը, Հայաստանի օրենսդրության հնարավոր ներդաշնակեցմանը Էներգետիկ համայնքի իրավական համակարգին, ինչպես նաև էլեկտրաէներգիայի պահեստավորման ոլորտի կարգավորումների մշակմանը։

Միջոցառման նպատակն է նպաստել էներգետիկ ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության միջև փոխգործակցության խորացմանը, ինչպես նաև աջակցել արդյունավետ, ժամանակակից ու եվրոպական լավագույն փորձին համահունչ կարգավորումների մշակմանն ու ներդրմանը։

Հուլիսի 2-ին Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել էր, որ Եվրամիությունը ցանկանում է օգնել Հայաստանին, որպեսզի վերջինս կարողանան դիվերսիֆիկացնել իր էներգետիկ մատակարարումները։ Ֆոն դեր Լայենը հայտնել էր, որ այդ նպատակով Եվրամիությունից փորձագետների խումբ կժամանի Հայաստան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն