azatutyun.am Իտալիայի Բոլոնիա քաղաքում մարոկկացի ներգաղթյալ Աբդերահիմ Ֆաքիրի մահվանից հետո կազմակերպված բողոքի ակցիան վերածվել է ցուցարարների և ոստիկանության միջև բախումների։
42-ամյա Ֆաքիրը մահացել էր հուլիսի 19-ին՝ ոստիկանության կողմից ձերբակալվելու ժամանակ։ Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոստիկանություն էր զանգահարել նրա հարևանը՝ հայտնելով, որ տղամարդը ագրեսիվ վարք է դրսևորում։
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Ֆաքիրը դեմքով գետնին ընկած, իսկ ոստիկանները փորձում են ձեռնաշղթաներ հագցնել։ Նա օգնություն է կանչում։ Կադրերում երևում են նաև դեպքի վայրում գտնվող շտապօգնության աշխատակիցները, որոնք չեն միջամտում, ինչպես նաև մի քաղաքացի, որն օգնում է ոստիկաններին։ Մի քանի րոպե անց ոստիկաններից մեկը նկատում է, որ Ֆաքիրը կորցրել է գիտակցությունը, սակայն նրան ուշքի բերել չի հաջողվում։ Մահացածի հարազատների խոսքով՝ նա սրտի հիվանդություն և ասթմա ուներ։
Դատախազությունը քրեական վարույթ է սկսել անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով։ Քննվում են ինչպես ոստիկանների, այնպես էլ շտապօգնության աշխատակիցների գործողությունները։
Ֆաքիրի մահից հետո Բոլոնիայի քաղաքապետ, ընդդիմադիր «Դեմոկրատական կուսակցության» անդամ Մատեո Լեպորեն բնակիչներին կոչ էր արել դուրս գալ բողոքի ակցիայի։ Հանրահավաքին մասնակցել է մի քանի հազար մարդ։
Ակցիան սկզբում խաղաղ է անցել, սակայն ավելի ուշ շուրջ հարյուր մասնակիցներ բախվել են ոստիկանության հետ։ Նրանք ոստիկանների ուղղությամբ շշեր, պայթուցիկ փաթեթներ և այլ առարկաներ են նետել, ինչին ոստիկանությունը պատասխանել է ուժի կիրառմամբ։ Դատախազության տվյալներով՝ տուժել է ավելի քան 60 ոստիկան։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում