Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը ռազմական ոստիկանությունում հուլիսի 21-ին ընդունել է Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Շալվա Շենգելիայի գլխավորած պատվիրակությանը, որը եռօրյա այցով Հայաստանում է՝ ռազմական ոստիկանության ոլորտում փորձի փոխանակման և համագործակցության զարգացման նպատակով։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում, վերահաստատելով նախորդ տարվա հոկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները, կողմերը ներկայացրել են իրենց ստորաբաժանումների կառուցվածքը, գործառույթներն ու գործունեության առանձնահատկությունները, քննարկել համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և գործընկերային հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները։ Այնուհետև պատվիրակության անդամները շրջայց են կատարել ռազմական ոստիկանության տարածքում։ Շրջայցի ավարտին «Եղևնիների պուրակում» երկու կառույցների ղեկավարները միասին եղևնի են տնկել՝ որպես Հայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունների միջև շարունակական համագործակցության և բարեկամության խորհրդանիշ։