Լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք․ ԽԱՊԿ-ը ներկայացրել է 2026-ի երկրորդ եռամսյակի արդյունքները | armenpress.am

Լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք․ ԽԱՊԿ-ը ներկայացրել է 2026-ի երկրորդ եռամսյակի արդյունքները | armenpress.am

armenpress.am Հանրապետությունում ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակը լրագրողների ու լրատվամիջոցների համար եղել է լարված՝ կապված հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների հետ։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ), ամփոփելով երկրորդ եռամսյակի արդյունքներն, արձանագրել է, որ այդ շրջանում Հայաստանը բախվել է արտաքին և ներքին տեղեկատվական մարտահրավերների։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ իրականացվում էին վտանգավոր հիբրիդային արշավներ։

«Ցավոք, այդ ապատեղեկատվությունը տարածվում էր հայաստանյան ինֆորմացիոն դաշտի մի ստվար հատվածի միջոցով ու հասարակությունն ականատես եղավ ներքին ինֆորմացիոն պատերազմի։ Մեր դիտարկմամբ՝ այդ կեղծ ու մոլորեցնող լուրերի վտանգը զգալիորեն մեղմվեց փաստերի ստուգման հարթակների միջոցով։ Շատ ակտիվ էին հետաքննող լրագրողները և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս, բացահայտվում էին կարևոր տեղեկություններ։ Դրանից բացի, մենք ունենք թեկուզ քիչ, բայց բավական ակտիվ որակյալ լրատվամիջոցներ, որոնք այդ ապատեղեկատվությունը հանում էին ջրի երես»,-ասաց Աշոտ Մելիքյանը։

Ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք, որից 1-ը ֆիզիկական բռնության, 30-ը տարատեսակ այլ ճնշումների, 11-ը տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքեր են եղել։

«Նշված 42 դեպքերի գրեթե ¼-ը տեղի է ունեցել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին նախորդող քարոզարշավի և բուն քվեարկության օրը։ Նույն նախընտրական ժամանակահատվածում ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների ներկայացվել է ընդհանուր երկրորդ եռամսյակում վարույթ ընդունված 11 նոր դատական հայցերից 5-ը, ընդ որում, վերջիններս առնչվում են քարոզարշավի թեմաներին»,-ասաց Աշոտ Մելիքյանը։

Եռամսյակի ընթացքում ներկայացված 11 նոր դատական հայցից 3-ն ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից են, 3-ը՝ քաղաքացիների, 1-ը՝ բիզնես ոլորտի ներկայացուցչի, 1-ը՝ լրատվամիջոցի, 3-ը՝ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։

Անդրադառնալով տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքների խախտումներին՝ Աշոտ Մելիքյանը նշեց, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում այդ առնչությամբ գրանցվել է 11 խախտում։ Երկրորդ եռամսյակում, թեև այդ ցուցանիշը 4-ով ավելի է նախորդից, սակայն 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ  նվազել է 28-ով։

«Եթե, ընդհանուր առմամբ ամփոփենք, ապա կարող ենք ասել, որ այս խորհրդարանական ընտրություններին, նախորդի համեմատ, իրավիճակն ավելի մեղմ եղավ։ Նախկինում ընտրությունների ժամանակ շատ ավելի լարված միջադեպեր էին լինում։ Իհարկե, ֆիզիկական բռնության մեկ դեպք ունեցանք, սակայն նախկին ժամանակների համեմատ ծեծ ու ջարդ չենք արձանագրել»,-հավելեց Աշոտ Մելիքյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն