Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները | aravot.am

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները

Հուլիսի 21-ին Հռոմում տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանի, Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանի հանդիպումը Իտալիայի գյուղատնտեսության, պարենային ինքնիշխանության և անտառների նախարարության ներկայացուցչի, Fruitimprese՝ պտուղ-բանջարեղենի ոլորտի ձեռնարկությունների ազգային ասոցիացիայի նախագահ Պիետրո Մաուրոյի, Իտալիայի առևտրի գործակալության՝ ITA-ի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունը։

«Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել միջազգային և իտալական մասնագիտացված ցուցահանդեսներում հայկական ագրոպարենային և սննդամթերքի արտադրանքի ներկայացմանը, հայկական և իտալական տնտեսվարող սուբյեկտների միջև ուղիղ կապերի ձևավորմանը, հայկական արտադրանքի՝ իտալական շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ ընթացակարգերին և համապատասխանության պահանջներին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու ոլորտային հանդիպումները և աշխատանքային շփումները՝ քննարկված նախաձեռնությունները գործնական փուլ տեղափոխելու նպատակով»,- նշված է դեսպանության հաղորդագրությունում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն