Բոլոր հիմքերն ունենք ՄԻԵԴ-ում  դրական արդյունքի հասնելու համար. Սիրանուշ Սահակյան | news.am

Բոլոր հիմքերն ունենք ՄԻԵԴ-ում դրական արդյունքի հասնելու համար. Սիրանուշ Սահակյան | news.am

news.am Հարցազրույց փաստաբան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ

– Տիկին Սահակյան, տեղեկացանք, որ Ռուբեն Վարդանյանի գործով արդեն պաշտոնական գանգատ եք ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Ռուբեն Վարդանյանը հրաժարվել էր բողոքարկել ադրբեջանական դատական համակարգի վերադաս ատյան՝ անիմաստ համարելով դատական ֆարսի շարունակությունը, իսկ մյուս տասնհինգ հայերի գործով վերաքննիչ բողոքը քննվում է և արդեն կարծես մոտենում է ավարտին: Ի՞նչ ակնկալիքներ ունենք:

Տասնհինգի գործով կանխատեսելի է, որ կպահպանվի ռազմական դատարանի վճիռը։ Ադրբեջանի որևէ դատարան չի կարող էթնիկ հայերի խախտված իրավունքների պաշտպանության մեխանիզմ լինել, առավել ևս, երբ գործ ունենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող որևէ հարցի հետ։

Իսկ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատն արդեն ներկայացվել է ՄԻԵԴ, քանի որ անհնար է պաշտպանել իրավունքները մի համակարգում, որն ի սկզբանե մերժում է արդարությունն ու իրավունքները, և դատավարությունը գործադիր իշխանության քաղաքական որոշումների կատարման արարողակարգ է։ Ընտանիքի միջոցով մեզ հասանելի է դարձել դատավճիռը, որը թարգմանվել է անգլերեն և ներկայացվել համապատասխան փաստաթղթերի հետ։ Ակնկալում ենք, որ ՄԻԵԴ-ը, համաձայն իր ընթացակարգերի, ընթացք կտա գանգատին։

– Փաստորեն, առաջին անգամ հնարավորություն եք ունեցել դատավճիռին ծանոթանալ ամբողջությամբ, այդպես  է՞:

Այո: Եվ դրանից հետո միանգամից պարզ  է դարձել, թե ինչու են նիստերն անցակացվել դռնփակ՝ առանց միջազգային դիտորդների և միջազգային լրատվամիջոցների  ներկայացուցիչների մասնակցության: Դատավճռին ծանոթանալուց հետո  ակնհայտ է, որ  մեկ տարուց ավելի տևած նախաքննության և մեկ տարի տևած դատաքննության ընթացքում իրականում չի հաջողվել իրենց իսկ հնարած «մեղադրանքներին» քիչ թե շատ տրամաբանությանը մոտ «հիմնավորում» գտնել: Մենք գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ, կցկտուր,  մասնագիտական առումով որևէ քննադատության չդիմացող ինչ-որ փաստաթղթի հետ, որի անունը «դատավճիռ է» և որի հիման վրա մեր հայրենակիցները , ըստ էության, ապօրինի պատանդ են պահվում այդ երկրում:

– Տիկին Սահակյան, եթե անգամ ՄԻԵԴ-ը բավարարի գանգատը, արդյո՞ք Ադրբեջանը կատարելու է ՄԻԵԴ-ի որոշումը: Վերջին տարիների փորձը, ցավոք, ցույց է տվել միջազգային կառույցների անզորությունը, քանի որ նույն Ադրբեջանը չի կատարել ո՛չ ԵԽԽՎ, ո՛չ Եվրախորհրդարանի բանձևերը, անտեսել է բազմաթիվ կոչեր, անգամ արհամարհել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումները: Եվ  Ադրբեջանի այս վերաբերմունքն ամենևին չի խանագարում, որ Եվրամիության առաջնորդներ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Կայա Կալլասը Ադրբեջանի բռանապետին  կարևոր գործընկեր անվանեն:

Իհարկե, ցավալի է ընդունել, որ ներկա իրավիճակում միջազգային իրավունքը, մարդու հիմնարար իրավունքները, ժողովրդավարական արժեքները ստորադասվում են աշխարհաքաղաքական շահերին, բայց, իմ համոզմամբ, չպետք է իրավական կողմը թերագնահատել, առավել ևս, հուսահատվել ու դադարել պայքարելուց: Ես անձամբ, որպես իրավաբան, կարևորում եմ միջազգային իրավական գործընթացները:  Վստահ եմ, որ դրանց արդյունքները վաղ թե ուշ անհետևանք չեն մնա և ավելի քան համոզված եմ, որ մենք բոլոր հիմքերն ունենք հասնելու դրական արդյունքի ՄԻԵԴ-ում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն