Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի. ՆԳ նախարարն այցելել է Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին | armenpress.am

Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի. ՆԳ նախարարն այցելել է Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 22-ին այցելել է ՆԳՆ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին։

Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից, Արփինե Սարգսյանը ստորաբաժանման ղեկավարության ուղեկցությամբ շրջել է բաժնում, ծանոթացել աշխատանքին, ծառայությունների կազմակերպման ընթացքին և շփվել քաղաքացիների հետ։

Այցի ընթացքում Արփինե Սարգսյանը զրուցել է նաև վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմած քաղաքացիների հետ՝ լսելով նրանց դիտարկումներն ու առաջարկությունները քննությունների կազմակերպման վերաբերյալ։

Քաղաքացիները նշել են, որ վարորդական գործնական քննության մեկնարկային հատվածը գտնվում է երթևեկության բավականին խիտ և բեռնատարներով հագեցած գոտում, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում քննություն հանձնողների համար։

Հաշվի առնելով քաղաքացիների առաջարկները՝ Արփինե Սարգսյանը հանձնարարել է գործնական քննությունների մեկնարկային կետը տեղափոխել նշված հատվածից փոքր-ինչ հեռու՝ ապահովելով առավել հարմար և անվտանգ պայմաններ քննություն հանձնողների համար։

ՆԳ նախարարությունը շարունակում է բարելավել ծառայությունների մատուցման գործընթացները՝ քաղաքացիների կարծիքն ու առաջարկությունները դիտարկելով որպես բարեփոխումների կարևոր հիմք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն