armenpress.am Օմանի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 23-ին հայտարարել է, որ մտահոգված է Կարմիր ծովի տարածաշրջանում իրավիճակի սրացման առնչությամբ։
«Մենք ընդգծում ենք լարվածությունից և ցանկացած սպառնալիքից խուսափելու անհրաժեշտությունը, քանի որ դա կարող է սրել իրավիճակը և վտանգել ազատ նավարկությունը»,-նշվել է ԱԳՆ հայտարարության մեջ։
Օմանից հայտնել են, որ համակարգված աշխատում են Սաուդյան Արաբիայի, եմենական կողմերի և Եմենի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացի հետ՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության հասնելու համար քաղաքական գործընթացը վերսկսելու նպատակով։
Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժման անդամները հուլիսի 23-ին հայտարարել էին, որ հարվածներ են հասցրել սաուդյան երկու նավթատար տանկերների դեմ՝ ի պատասխան Սաուդյան Արաբիայի՝ իրենց իսկ սահմանած ծովային շրջափակման խախտման։ «Եմենի զինված ուժերը գործողություն են իրականացրել, որի ընթացքում հարվածել են Սաուդյան Արաբիայի երկու նավթատարի, որոնք խախտել էին Կարմիր ծովում մեր սահմանած շրջափակումը։ Նավերից մեկը կրում էր Encelia, իսկ մյուսը՝ Layla անունը», – ասվում էր հութիների հայտարարության մեջ։
Սաուդյան պետական SPA լրատվական գործակալությունը հաստատել է Encelia նավի վրա հարձակման փաստը՝ նշելով, որ անձնակազմի բոլոր անդամներն անվտանգ են։ Գործակալության տեղեկություններով՝ հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել նավի գլխամասում։