ՀԾԿՀ-ն և Հունաստանի կարգավորող մարմինը կհամագործակցեն ջրային ոլորտի կարգավորման ուղղությամբ | armenpress.am

ՀԾԿՀ-ն և Հունաստանի կարգավորող մարմինը կհամագործակցեն ջրային ոլորտի կարգավորման ուղղությամբ

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և Հունաստանի Հանրապետության էներգետիկայի, աղբի և ջրի կարգավորման մարմինը (RAAYE) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ հիմք դնելով էներգետիկայի և ջրային ոլորտներում համագործակցության զարգացմանը։

Հուշագրի ստորագրումից հետո ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նշեց, որ համագործակցության հիմնական ուղղությունը լինելու է ջրային ոլորտի կարգավորման փորձի փոխանակումն ու համատեղ աշխատանքը։

«Հիմնականում պլանավորում ենք համագործակցել ջրային ոլորտի կարգավորումների հարցում։ Մյուս ոլորտների հետ կապված արդեն ունենք այլ գործընկերներ, հետևաբար հատկապես կարևորում ենք ջրային ոլորտը և Հունաստանի գործընկերների հետ կաշխատենք այդ ուղղությամբ։ Կարող եմ հստակ ասել, որ հենց վաղվանից կսկսենք բուն աշխատանքները»,- ասաց Մեսրոպյանը։

Նրա խոսքով՝ Հունաստանի հետ սա առաջին նմանատիպ համագործակցությունն է, սակայն հանձնաժողովը վերջին 27 տարիների ընթացքում տարբեր երկրների կարգավորող մարմինների հետ ստորագրել է նման հուշագրեր և ունի դրանց արդյունավետ իրականացման փորձ։

Հունաստանի Հանրապետության էներգետիկայի, աղբի և ջրի կարգավորման մարմնի ղեկավար Կոնստանտինոս Ցիմարասն ընդգծեց, որ համագործակցությունը կնպաստի երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը։

«Վստահ եմ, որ այս համագործակցությունը արդյունավետ կլինի և նոր հնարավորություններ կստեղծի ջրային և էներգետիկ ոլորտներում փորձի փոխանակման համար։ Կարծում եմ՝ երկու երկրների միջև սկսվում է երկարատև և օգտակար համագործակցության ճանապարհ, և հույս ունեմ, որ ապագայում նման սերտ համագործակցություն կունենանք նաև այլ ոլորտներում»,- նշեց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն