«Ինֆոքոմը» փնտրում է խմբագրի

«Ինֆոքոմը» փնտրում է խմբագրի

Աշխատանքի վայր՝ ՀՀ, ք․ Երևան, Բաղրամյան 28
Ներգրավվածություն՝ լրիվ դրույք, գրասենյակային աշխատանք
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ, ութժամյա աշխատանքային օր՝ արտակարգ իրավիճակներում աշխատանքային ժամերից դուրս հասանելիությամբ։
Աշխատավարձ՝ ամսական 700 000 – 1 000 000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը և պարտադիր վճարները
Պայմանագրի ժամկետ՝ 20 ամիս՝ երկարաձգման հնարավորությամբ
Փորձաշրջան՝ 2 ամիս
Դիմելու վերջնաժամկետ՝ 2026 թվականի օգոստոսի 9՝ 23։59

 

Պաշտոնի մասին

Մենք փնտրում ենք փորձառու, սկզբունքային, նախաձեռնող և ուժեղ կազմակերպչական հմտություններով խմբագրի, որը կստանձնի խմբագրության ամենօրյա աշխատանքի և բովանդակության արտադրության օպերացիոն ղեկավարումը։

Խմբագիրը լինելու է լրագրողների համար խմբագրական աջակցության հիմնական և մշտապես հասանելի անձը։ Նա ապահովելու է, որ նյութերը գաղափարից մինչև հրապարակում առաջ շարժվեն համակարգված, վերահսկելի և կանխատեսելի աշխատանքային շղթայով։

Գլխավոր խմբագրի և խմբագրական թիմի սահմանած ընդհանուր ուղղությունների շրջանակում խմբագիրն իրականացնելու է աշխատանքների  շաբաթական և ամսական պլանավորում, բաշխելու է առաջադրանքները, վերահսկելու է վերջնաժամկետները և ապահովելու է տարբեր թիմերի համակարգված ներգրավումը բովանդակության ստեղծման գործընթացում:

Մենք փնտրում ենք մարդու, որը կարող է միաժամանակ պահպանել լրագրողական բարձր չափանիշները, կառավարել մի քանի զուգահեռ գործընթաց, թիմին տրամադրել արագ և կառուցողական հետադարձ կապ ու ժամանակին կայացնել խմբագրական որոշումներ։

 

Հիմնական պարտականությունները


Խմբագրական գործընթացների ղեկավարում

  • Գլխավոր խմբագրի և խմբագրական թիմի սահմանած ընդհանուր ուղղությունների հիման վրա իրականացնել աշխատանքների ամսական և եռամսյակային պլանավորում։
  • Ապահովել լրագրողների, հաղորդավարների, տվյալների լրագրողների, մեդիամոնիտորների, վիդեոարտադրության և սոցիալական մեդիայի թիմերի համակարգված աշխատանքը բովանդակության ստեղծման ամբողջ գործընթացում։ 
  • Կազմակերպել շաբաթական խմբագրական պլանավորման հանդիպումները, ամփոփել նախորդ շրջանի արդյունքները և սահմանել առաջիկա առաջնահերթությունները։
  • Թիմի անդամներին տալ հստակ առաջադրանքներ, սահմանել վերջնաժամկետներն ու ակնկալվող արդյունքները։
  • Բաշխել աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ հաշվի առնելով թիմի անդամների փորձը, կարողություններն ու մասնագիտացումը։
  • Ամենօրյա կապ պահպանել լրագրողների հետ՝ քննարկելով նյութերի ընթացքը, առաջացած խնդիրները, թեմաների զարգացման ուղղությունները, աղբյուրների և տվյալների հետ աշխատանքը։
  • Օգնել լրագրողներին ձևակերպելու թեմաները, ընտրելու աշխատանքի մեթոդները, կառուցելու նյութերի տրամաբանությունը և զարգացնելու լրագրողական պատմությունները։
  • Հետևել աշխատանքի ընթացքին, ժամանակին նկատել խոչընդոտները և աջակցել դրանց լուծմանը։
  • Լրագրողներին տրամադրել շարունակական, հստակ և կառուցողական խմբագրական հետադարձ կապ՝ գնահատելով աշխատանքի ընթացքն ու արդյունքները, արձանագրել հաջողությունները, բացահայտել խնդիրները և թիմի հետ մշակել դրանց լուծման ուղիները։
  • Բացահայտել թիմի մասնագիտական զարգացման և վերապատրաստման կարիքները։
  • Խրախուսել նախաձեռնողականությունը, պատասխանատվությունը, առողջ մասնագիտական բանավեճն ու համագործակցությունը՝ միաժամանակ պահպանելով թիմի անդամների մասնագիտական ինքնուրույնությունն ու ստեղծագործական ազատությունը։
  • Արտակարգ իրադարձությունների կամ հանրային նշանակության կարևոր զարգացումների ժամանակ արագ կազմակերպել խմբագրության արձագանքը և անհրաժեշտության դեպքում վերաբաշխել աշխատանքը։

 

Բովանդակության որակի ապահովում

  • Խմբագրել հրապարակման ենթակա բովանդակությունը։
  • Ապահովել նյութերի համապատասխանությունը «Ինֆոքոմի» էթիկայի կանոնագրին, խմբագրական քաղաքականությանը և մասնագիտական չափանիշներին։
  • Վերահսկել փաստերի, թվերի, տվյալների, մեջբերումների, աղբյուրների և պատճառահետևանքային կապերի ճշգրտությունը։
  • Բացառել չհիմնավորված պնդումները, մանիպուլյատիվ ձևակերպումները, ապակողմնորոշող վերնագրերը և նյութերի բովանդակությանը չհամապատասխանող տեղայնացումները սոցիալական ցանցերում և այլ հարթակներում։
  • Հատուկ ուշադրություն դարձնել տվյալահեն, հետաքննական և հետազոտական նյութերի մեթոդաբանական սահմանափակումներին, տվյալների աղբյուրներին և եզրակացությունների հիմնավորվածությանը։
  • Ապահովել, որ նյութի տեքստային, տվյալների, վիզուալ, վիդեո բաղադրիչները և սոցիալական մեդիայի տեղայնացումները մշակվեն միասնական տրամաբանությամբ և միմյանց չհակասեն։
  • Գնահատել բովանդակության հնարավոր էթիկական և իրավական ռիսկերը և անհրաժեշտության դեպքում ներգրավել համապատասխան մասնագետների։
  • Ապահովել հայտնաբերված սխալների արագ, թափանցիկ և պատշաճ ուղղումը։

 

Հաշվետվողականություն

  • Ռազմավարական, զգայուն կամ խմբագրական քաղաքականության փոփոխություն ենթադրող հարցերը քննարկել գլխավոր խմբագրի հետ։
  • Բովանդակության արտադրության ընթացքի, արդյունքների, խնդիրների և առաջացող ռիսկերի մասին մշտական քննարկումներ ունենալ գլխավոր խմբագրի հետ։
  • Ժամանակին տեղեկացնել գլխավոր խմբագրին ուշացումների, ռեսուրսների անբավարարության, խմբագրական բարդությունների և աշխատանքի բնականոն ընթացքի վրա ազդող այլ հանգամանքների մասին։
  • Ստեղծված բովանդակության, կատարված աշխատանքների և ծրագրային արդյունքների վերաբերյալ ամսական պարբերականությամբ քանակական ու որակական տեղեկություններ տրամադրել գլխավոր խմբագրին, առանձին նախագծերի առկայության դեպքում՝ նախագծերի ղեկավարներին։

 

Նորարարություն և կատարելագործում 

  • Հետևել լրագրության, թվային մեդիայի և լսարանի վարքագծի զարգացումներին։
  • Հետևել մեդիայի վրա ազդող տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության, տվյալների մշակման, ավտոմատացման և վիզուալացման գործիքների զարգացմանը։
  • Թիմի մասնագիտական զարգացման և վերապատրաստմանն ուղղված առաջարկություններ անել։
  • Մասնակցել նոր լրագրողական ձևաչափերի, գործիքների և աշխատանքային մեթոդների քննարկմանը, մշակմանն ու գործարկմանը։
  • Մասնակցել խմբագրական ընթացակարգերի, ուղեցույցների և աշխատանքային գործընթացների կատարելագործմանը։

 

Ներկայացուցչական գործառույթներ

  • Անհրաժեշտության դեպքում ներկայացնել «Ինֆոքոմը» գործընկերների հետ հանդիպումներում, մասնագիտական քննարկումներում, հանրային միջոցառումներում և այլ հարթակներում։
  • Հստակ և պատասխանատու կերպով ներկայացնել «Ինֆոքոմի» աշխատանքը, խմբագրական մոտեցումներն ու արժեքները։

 

Ում ենք փնտրում

Պաշտոնը կարող է համապատասխանել Ձեզ, եթե ունեք՝

  • առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ լրագրության կամ մեդիայի կառավարման ոլորտում,
  • լրագրողական նյութեր խմբագրելու, լրագրողների կամ բովանդակության արտադրության թիմի աշխատանքը համակարգելու փորձ,
  • տվյալահեն և հետաքննական լրագրության սկզբունքների ու մեթոդների գործնական իմացություն,
  • տվյալների աղբյուրները, մեթոդաբանական սահմանափակումներն ու եզրակացությունները քննադատաբար գնահատելու կարողություն,
  • մեդիա էթիկայի, փաստերի ստուգման մեթոդների և աղբյուրների հետ աշխատանքի գերազանց իմացություն,
  • մեդիա օրենսդրության և լրագրողական գործունեությանն առնչվող հիմնական իրավական ակտերի իմացություն,
  • թիմի աշխատանքը կազմակերպելու, առաջադրանքները հստակ ձևակերպելու, կառուցողական հետադարձ կապ տալու կարողություն,
  • միաժամանակ մի քանի գործընթաց կառավարելու, առաջնահերթություններ սահմանելու և վերջնաժամկետներին հետևելու կարողություն,
  • ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն,
  • ուժեղ վերլուծական և քննադատական մտածողություն, բարձր ուշադրություն մանրուքների նկատմամբ,
  • գրավոր և բանավոր հայերենի գերազանց իմացություն,
  • անգլերենով գրավոր և բանավոր հաղորդակցվելու, մասնագիտական նյութեր կարդալու և աշխատանքային նամակագրություն վարելու կարողություն,
  • ստեղծագործականություն, նախաձեռնողականություն և ինքնազարգացող մոտեցում,
  • նոր տեխնոլոգիաներին և մեդիայի փոփոխվող միջավայրին հետևելու պատրաստակամություն,
  • հանրային և մասնագիտական միջավայրերում կազմակերպությունը պատշաճ ներկայացնելու հաղորդակցական կարողություններ,
  • «Ինֆոքոմի» անկախության, հանրային շահի, փաստահեն լրագրության և էթիկայի սկզբունքները կիսելու պատրաստակամություն։

 

Առավելություն կհամարվեն՝

  • տվյալների հավաքագրման, մշակման, վերլուծության մեթոդների իմացությունը,
  • խմբագրական կամ նախագծերի կառավարման թվային գործիքների կիրառման փորձը,
  • արհեստական բանականության և ավտոմատացման գործիքների պատասխանատու կիրառման փորձը,
  • խմբագրական ընթացակարգերի կամ աշխատանքի գնահատման համակարգերի մշակման փորձը,
  • հանրային ելույթների, քննարկումների կամ միջոցառումների մասնակցության փորձը,
  • այլ օտար լեզուների իմացությունը։

 

Ինչ ենք առաջարկում

  • Ամսական 700 000 – 1 000 000 ՀՀ դրամ աշխատավարձ՝ ներառյալ հարկերը և պարտադիր վճարները (աշխատավարձի հստակ չափը կորոշվի՝ հաշվի առնելով թեկնածուի փորձը, մասնագիտական կարողությունները և պաշտոնի պահանջներին համապատասխանությունը)։
  • Խմբագրական նշանակալի ինքնուրույնություն։
  • Հանրային նշանակության, տվյալահեն և հետաքննական լրագրության զարգացմանը մասնակցելու հնարավորություն։
  • Աշխատանք երիտասարդ, ստեղծագործ և բազմապրոֆիլ թիմի հետ։
  • Նոր լրագրողական ձևաչափեր և տեխնոլոգիական գործիքներ փորձարկելու հնարավորություն։
  • Մասնագիտական դասընթացների, վերապատրաստումների և միջազգային ծրագրերի մասնակցության հնարավորություն։
  • ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված վճարվող արձակուրդ։

 

Ինչպես դիմել

Մինչև 2026 թվականի օգոստոսի 9-ը ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը [email protected] էլ․ հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Խմբագիր»։

Ցանկալի է ինքնակենսագրականում նշել նաև թիմի կամ խմբագրական գործընթացների կառավարման փորձը, ներառել Ձեր խմբագրած կամ հեղինակած աշխատանքներիը կամ նամակին կից ուղարկել նաև պորտֆոլիո։

Կապ կհաստատվի միայն հաջորդ փուլ անցած թեկնածուների հետ՝ հարցազրույցների կազմակերպման նպատակով։ 

Դիմելուց առաջ խնդրում ենք ծանոթանալ «Ինֆոքոմի» առաքելությանը, արժեքներին և էթիկայի կանոնագրին։

 

«Ինֆոքոմի» մասին

«Ինֆոքոմը» տվյալահեն հետաքննական և հետազոտական լրատվամիջոց է, որի առաքելությունն է անկախ, խորքային և համապարփակ լրագրության միջոցով ուժեղացնել Հայաստանի հանրության՝ տեղեկացված և հիմնավորված որոշումներ կայացնելու կարողությունը՝ նպաստելով երկրում ժողովրդավարության ամրապնդմանը։

Մեր աշխատանքում մենք առաջնորդվում ենք հանրային շահի սպասարկման, փաստերի ճշտության, ազնվության, ներառականության և «չվնասելու» սկզբունքներով։

Մենք իրականացնում ենք մեր առաքելությունն անկախ կերպով՝ զերծ քաղաքական դերակատարների, ֆինանսական դոնորների, աջակիցների ու գործընկերների ազդեցությունից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն