azatutyun.am Ադրբեջանի խորհրդարանն այսօր պաշտոնական բողոք է հղել Միացյալ Նահանգների Կոնգրեսին՝ Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հուլիսի 22-ին ընդունված թիվ 9087 օրինագծի առթիվ։
Կոնգրեսական Բրեդ Շերմանի նախաձեռնությամբ փաստաթղթում հատուկ լրացում է զետեղվել, որով Վաշինգտոնը Ադրբեջանի իշխանություններից պահանջում է «անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին»։ Լրացմանը կողմ են քվեարկել Ներկայացուցիչների տան 51 անդամներից 44-ը։
«Այս նախաձեռնությունը միջազգային իրավունքի նորմերի ոտնահարման և հայկական լոբբի շահերից ելնելով ԱՄՆ Կոնգրեսը որպես Ադրբեջանի վրա քաղաքական ճնշման գործիք օգտագործելու հերթական օրինակն է», – հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանը։